ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ հանուն Ղրիմի
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախօրեին հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացմանը, սակայն չի տեսնում այդ երկիրը դաշինքի կազմում: Գերմանիայի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նաև այդ երկրի անդամակցումը ԵՄ-ին, քանի որ Ուկրաինայի քաղաքական և տնտեսական արդիականացումը կարող է շատ երկար տևել:
Ուկրաինան գնում է դեպի ՆԱՏՕ Ղրիմը վերադարձնելու հույսով
Ուկրաինայի Գերագույն Ռադայի քաղաքական ուժերը կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է դաշինքներին չանդամակցելու կարգավիճակի չեղյալ հայտարարում, ՆԱՏՕ-ին անդամակցությունը առաջնահերթություն հռչակում և ռազմական ծախսերի ավելացում 3%-ով: Նոր հուշագիրը ենթադրում է Ուկրաինայի ռազմական դոկտրինի փոփոխություն՝ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված և ամենահավական սպառնալիքի հռչակում, որը հավանաբար լինելու է Ռուսաստանը: Պետության առաջնահերթություն է հռչակվելու նաև Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումը և Ղրիմի վերադարձը:
Նախատեսվում է նաև ռազմական համագործակցության ընդլայնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացում և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների արդիականացում: Ուկրաինան վերջնականապես կողմնորոշվում է դեպի Արևմուտք և փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով լուծել իր խնդիրները Դոնբասում և առճակատվելով Ռուսաստանի հետ վերադարձնել Ղրիմի թերակղզին: Սակայն ինչպես երևում է ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն չեն շտապում Ուկրաինան տեսնել այդ կազմակերպություններում և Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Բեռլինը բավականին մեծ կշիռ ունի ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում և հավանաբար արտահայտում է ոչ միայն իր, այլ ընդհանուր դիրքորոշում:
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն ցանկանում Ուկրաինայի պատճառով գնալ ուղիղ ռազմական բախման միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ: Բացի այդ, տարածքային խնդիրներ ունեցող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ղրիմը ինչպես հայտարարում են ռուսական իշխանությունները այլևս երբեք չի վերադառնալու Ուկրաինայի կազմ, իսկ Դոնբասում իրավիճակի արագ կարգավորում դժվար է ակնկալել:
Ռուսաստանը իր հերթին ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում և թերակղզին ընդգրկել է Հարավային ռազմական շրջանի կազմում ու արդիականացնում է Սևաստոպոլում տեղակայված իր սևծովյան նավատորմը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում ստեղծելու է լիարժեք բանակային զորամիավորում:
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնվում են խրամատների տարբեր կողմերում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դաշինքներից դուրս գտնվելու կարգավիճակից հրաժարվելը նշանակում է, որ Կիևը ցանկանում է հարավ-արևելքի խնդիրները լուծել ռազմական ճանապարհով և պայքարելու է Ռուսաստանի դեմ, որպես հիմնական հակառակորդի:
Ռուսաստանի իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի և դաշինքի ռազմական ենթակառուցվածքների հայտնվելը ռուս-ուկրաինական սահմանին՝ Մոսկվայից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա անընդունելի է իրենց համար: Մայդանի հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխության ֆոնին Մոսկվան ժողովրդական հանրաքվեի միջոցով կարողացավ Ղրիմը միացնել Ռուսաստանին: Ղրիմը դարձել է Ռուսաստանի լիարժեք մաս՝ չնայած Արևմուտքը չի ճանաչում այդ միացումը, իսկ Ուկրաինան Ղրիմը հայտարարել է օկուպացված տարածք:
Ռուսաստանը պաշտպանելու է Ղրիմը և թերակղզու վրա հարձակունը դիտելու է որպես ռազմական ագրեսիա երկրի ու նրա ժողովրդի դեմ ու համարժեք պատասխան է տալու: Այս պահին Ուկրաինայի զինված ուժերը չունեն համարժեք պատրաստվածությունը Մոսկվայի դեմ դիմակայելու համար: Եթե Կիևը ունենար համապատասխան զենք և զինամթերք ու ռազմական պոտենցիալ, ապա կկարողանար հետ բերել գոնե Դոնբասը:
ՆԱՏՕ-ն ռազմա-տեխնիկական, իսկ ԵՄ-ը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, սակայն չի պատերազմելու, ուղիղ ռազմական բախման չի գնա Ռուսաստանի հետ, քանի որ դա արդեն երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ է նշանակում: Ժամանակին Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան փորձեց հետ բերել զենքի միջոցով, ինչը հանգեցրեց Ռուսաստանի կոշտ արձագանքին և ռազմական միջամտությանը, որի հետևանքով 2008թ.-ի 5-օրյա պատերազմը վրացիները համար ավարտվեց Թբիլիսիի մատույցներում:
Դրանից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այնտեղ տեղադրեց իր ռազմաբազաները և ստանձնեց այդ երկրների ազգային անվտանգության և սահմանների անվտանգության պատասխանատվությունը, դրանով վերջնականորեն կտրելով դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանի հույսը՝ հետ բերել Աբխազիան ու Հարավային Օսիան: 2008թ.-ին ՆԱՏՕ-ն նույնպես չմիջամտեց և չօգնեց Թբիլիսիին: Ուկրաինան կարծես թե գնում է Վրաստանի ճանապարհով:
Արտյոմ Բալասանով, վերլուծաբան