Քաղաքագետ. Հարաբերական անդորրը պահպանվում է բացառապես հայկական զինված ուժերի շնորհիվ
«Հակամարտությունը ստացել է նոր ձև, որը կարելի է անվանել հատուկջոկատայինների պայքար կամ հակամարտություն: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս իրավիճակում շարունակական գործողություններ լինելու են թե Ադրբեջանի, թե հայկական պետությունների կողմից: Իսկ թե ինչի կհասցնեի դա, դժվար է ասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի ու դրանից հետո տեղի ունեցած գործողությունների, առաջիկա իրավիճակի մասին:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը լուրջ գործիքակազմ չունի ազդելու Ադրբեջանի վրա, հարաբերական անդորրը պահպանվում է բացառապես հայկական զինված ուժերի մարտունակության, պատրաստվածության, թշնամուն հակադարձելու միշտ պատրաստ լինելու շնորհիվ:
«Եթե տեսնում ենք, որ միջազգային հանրությունը դարձյալ չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա, գոնե ստեղծել մեխանիզմներ, որոնք հետագայում բացառեն Ադրբեջանի կողմից սադրիչ քաղաքականության շարունակակությունը, միակ հույսը, վերահսկելիությունը պահելու միակ ձևը համապատասխան մարտական գործողություններ իրականացնելն է: Խոսքը հարձակողականության մասին չէ, զուտ պաշտպանական, ինժեներական կառույցների ավելի կատարելագործման, զարգացման, մշտական պատրաստվածության, զգոնության մասին է»,- ասաց Հ. Մելիք- Շահնազարյանը՝ ընդգծելով, որ հակամարտության այս նոր փուլում կհաղթի այն կողմը, որն ավելի նախահարձակ, զգոն կլինի սահմանում:
Խոսելով նման պայմաններում հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուներության մասին, նա ասաց, որ հայկական դիվանագիտությունն ամեն ինչ արել է, որ բանակցային գործընթացը մնա Մինսկի խմբի շրջանակներում:
«Հայկական կողմը մտադրություն չունի հրաժարվել Մինսկի խմբից: Այլ հարց է, թե ինչպես կպահի իրեն Ադրբեջանը, ով ուզում է ավելի շատ կողմերի ներառել քաղաքական առևտրի մեջ: Շատ կցանկանար տեսնել այդ խմբում Թուրքիայի դերակատարումը»,- ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ եթե ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքից հետո հայկական կողմը դիմեր շտապողականության, ապա կարող էր լայնամասշտաբ պատերազմ սկսելու պատճառ դառնար:
«Նրանք էլ չեն ցանկանում գործը հասցնել լայնամասշտաբ պատերազմի, քանի որ լավ հասկանում են դրանից բխող բացասական հետևանքները թե պետության, թե Ալիևի իշխող կլանի համար»,- ասաց նա:
Իսկ թե ինչպիսի՞ պատասխան պետք է ադրբեջանական կողմին հասցնի հայկական կողմը հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց, որ լավագույն պատասախանը լավ մշակված պատասխանն է:
«Երբևէ չեմ ցանկացել շտապողականություն տեսնել մեր զինված ուժերի գործողություններում: Գործ ունենք մարդկանց կյանքի հետ: Ցանկացած գործողություն վտանգ է պարունակում իր մեջ այդ գործողությունն իրականացնող զինծառայողների համար: Համոզված եմ, որ լինելու է այդ պատասխանը: Այդ համոզմունքս հիմնված է ոչ միայն պաշտոնյաների հայտարարությունների վրա, այլ պրակտիկայի. Ադրբեջանի ցանկացած գործողություն անպատասխան չի մնում»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանին մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ է հասցրել հայկական կողմը. առաջին՝ թեև այն հայտարարությանը, որ Արցախի օդային տարածքը փակ է թռիչքների համար, իսկ Հայաստանի նախագահը օդային ճանապարհով գնաց Արցախ, երկրորդ՝ ի պատասխան այն հայտարարություններին, թե հայ օդաչուների աճյունները կհանձնեն այն ժամանակ, երբ իրենք անհրաժեշտ համարեն, հայկական կողմը գնաց ու հենց հակառակորդի դիրքերի մոտ գտնվող հայկական ուղղաթիռից տարհանեց այն, ինչ իրեն անհրաժեշտ էր:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, թեև ադրբեջանական իշխանությունը հերքում է հայկական կողմի իրականացրած հատուկ նշանակության գործողության փաստը, Ադրբեջանի հասարակությունը հավատում է հայկական կողմին, ինչի մասին են վկայում սոցիալական ցանցերում քննարկումները. «Մարդկանցից այդ ճշմարտությունն Ադրբեջանը չի կարող քողարկել»:
Նախորդող հրապարակում`
Մելիք-Շահնազարյան. Հայ օդաչուների տարհանման գործողությունն իրականացրել է հատուկ նշանակության ջոկատայինների 4 հոգանոց խումբը