Պորոշենկո. Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը հանրաքվեով կընդունի
Հյուսիսատլանտիան դաշինքին անդամակցելու որոշումը Ուկրաինան կընդունի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր պաշտոնակցի` Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո: Հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ուկրաինայի նախագահի խոսքով` ՆԱՏՕ-ին անդամագրվելու պահանջները 95 տոկոսով համընկնում են այն պահանջներին, որոնք բովանդակում է Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը:
Իր հերթին էլ Լիտվայի նախագահը նշել է, որ անդամակցության համար Ուկրաինան պետք է դառնա « լիովին ժողովրդավարական երկիր»: ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական համագործակցության մասով Լիտվայի նախագահը Պորոշենկոյին առաջարկել է երկու երկրների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնել:
Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային տրամադրել կոնկրետ սպառազինության կոնկրետ բաղադրիչներ:
Նկատենք, որ ավելի վաղ էլ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե կառույցին Ուկրաինայի անդամակցության համար դուռը մնում է բաց: