Զդիսլավ Ռաչինսկի. Ադրբեջանը և Հայաստանը դատապարտված են խաղաղության
«Ռազմական բնագավառում մեր երկրների համագործակցությունը ենթադրում է տեխնիկական մաս: Լեհաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանը և ղարաբաղյան հակամարտության գոտի զենք չի մատակարարում, իսկ «Լյուբավա Արմենիա» գործարանի գործարկումը Չարենցավանում ունի պաշտպանական նպատակներ և այդ գործարանի սեփականատեր է համարվում ՀՀ պաշտպանության նախարարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա նշեց, որ Լեհաստանը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է կողմերի խաղաղ երկխոսության մեջ. «Լեհաստանը աջակցում է Մինսկի խմբին և այն սկզբունքներին, որոնք այսօր առկա են և որոնք ենթադրում են հետագայում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում: Ցանկացած տեսակի լարվածություն, որը կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը չի ծառայում հակամարտության խաղաղության հաստատմանը և հետագա լուծմանը»:
Նրա խոսքով, Ադրբեջանը և Հայաստանը դատապարտված են խաղաղության, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը աշխարհագրությունը չեն կարող փոխել. «Այսօր անհրաժեշտ է դաստիարակել խաղաղության պատրաստ հասարակություն: Չէ որ հենց ԵՄ-ի էությունը սկիզբ է առել Ածխի և պողպատի միությունից»:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ մեխանիզմը Մինսկի խումբն է և Հայաստանը հետաքրքրված չէ այդ ձևաչափի փոփոխությամբ. «Պետք չէ ծայրահեղականության մեջ ընկնել և գերագնահատել Մինսկի խմբի հնարավորությունները: Կողմերի միջև պետք է լինի խնդրի կարգավորման պատրաստակամություն»: