Բան Կի Մունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան հողերի օկուպացիան
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նոյեմբերի 24-ին պաղեստինցի ժողովրդին համերաշխություն հայտնելու միջազգային օրվան նվիրված ելույթում Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան հողերի օկուպացիան, հանել Գազայի հատվածի շրջափակումը և կարգավորել հրեական պետության անվտանգության պահպանման հետ կապված հարցերը, որոնք անհրաժեշտ են երկու ժողովուրդների միջև հակամարտության նախապատճառները վերացնելու համար: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Գերագույն Ասամբելան ընդունեց բանաձև, որով 2014 թվականը հռչակվեց Պաղեստինի ժողովրդի համերաշխության տարի: Բան Կի Մունի խոսքով, այս ընթացքում երկու կողմերի միջև ուղիղ բանակությունները տապալվեցին, իսկ այս ամռանը Գազայի հատվածում հերթական անգամ մարտեր սկսվեցին, որի արդյունքում սպանվեց ավելի քան 2200 պաղեստինցի:
«Երկարաժամկետ կայունությունը կախված է նրանից, թե արդյոք լուծվելու են հակամարտության նախապատճառները: Դա ենթադրում է Գազայի հատվածի շրջափակման, պաղեստինյան հողերի կեսդարյա օկուպացիայի վերացում և Իսրայելի օրինական մտահոգությունների կարգավորում` կապված իր անվտանգության ապահովման հետ»,-ասել է միջազգային կառույցի ղեկավարը` միաժամանակ քննադատելով օկուպացված տարածքներում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը: