«Խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար»
Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զրույցի ընթացքում կարևորվել է երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար, և խորհրդանշական է համարել, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի` Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։
Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարևորել են միջազգային կազմակերպությունների և դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։
Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել` տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։
Հանդիպմանը արծարծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության գործուն ձևաչափ:
Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: