ՄԱԿ. Սիրիայում կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է 50 խաղաղ բնակիչ
Գրեթե 50 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների իրականացրած օդային հարձակումների արդյունքում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այս մասին ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի զեկույցում, որը պատրաստվել է ԱԽ-ի համար:
Զեկույցում նշվում է, որ կոալիցիայի հասցրած հարվածների զոհ է դարձել 865 մարդ, որից 50-ը խաղաղ բնակիչներ են: Նրանք հիմնականում Հալեպից էին, Դեր Զորից, Էլ-Հասակայից, Իդլիբից և Ռաքքայից: Ռմբակոծությունները ստիպել են զինյալներին ապաստանել բնակելի թաղամասերում, որը իր հերթին դժվարացնում է խաղաղ բնակիչների պաշտպանությունը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ 239 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի կանոնավոր բանակի հասցրած օդային հարվածներից: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի` հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում կառավարական օդուժը Դամասկոսի մոտակայքում 42 ռումբ է նետել: