Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադան այսօր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով հաստատել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում: «UNN» գործակալության հաղորդմամբ, Յացենյուկի թեկնածությանը կողմ է քվեարկել 341 պատգամավոր՝ անհրաժեշտը 226 –ի դեպքում:
Ուկրաինական օրենքի համաձայն, Ռադայում գործող կոալիցիան ձևավորում է կառավարության կազմը և նախագահին ներկայացնում վարչապետի թեկնածությունը: Ավելի վաղ, Պյոտր Պորոշենկոն, ով այսօր ևս մասնակցել է Ռադայի նիստին, կոչ է արել խորհրդարանականներին մինչ դեկտեմբերի 1-ը ձևավորել կառավարության նոր կազմը:
Ռադայում կայացած մեկ այլ քվեարկությամբ խորհրդարանի խոսնակ է ընտրվել Վլադիմիր Գրոյսմանը: Նրա թեկնածությունը սատարել է 359 պատգամավոր:
Հիշեցնենք, հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանն այսօր անցկացրել է առաջին նիստը, որի ժամանակ 5 խմբակցություններ ձևավորել էին 302 պատգամավորներից բաղկացած խորհրդարանական կոալիցիա: