Ադրբեջանը ներկայացնող լրագրողին թույլ չեն տվել հարց ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսին ադրբեջանցի լրագրողին թույլ չեն տվել հարց ուղղել ՌԴ նախագահին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Qaynar.info լրատվակայքը` նշելով, որ Ադրբեջանից ասուլիսին հավատարմագրված է եղել իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալության մոսկովյան թղթակից Ֆարիդ Աքբերովը:
Ինչպես հաղորդում է կայքը, վերջինս նստած է եղել սրահի առաջին շարքերից մեկում և անընդհատ ձեռքում թափահարել է Ադրբեջանի դրոշը, սակայն, նրան հնարավորություն չի ընձեռնվել հարց ուղղել Պուտինին:
Կայքը ենթադրում է` ԱՊԱ-ի թղթակցին հարցի հնարավորություն չեն տվել, քանի որ նրա հարցը, ամենայն հավանականությամբ, վերաբերելու էր Արցախյան թեմատիկային:
Կայքը նկատում է, որ նախորդ մամուլի ասուլիսին ևս Վլադիմիր Պուտինը չէր ցանկացել լսել Ադրբեջանը ներկայացնող լրագրողին` ասելով. «Գիտեմ, հարցնելու ես Ղարաբաղի մասին»: