Էդվարդ Նալբանդյան. Հայ-ռուսական հարաբերությունները վերանայելը տեղին չի
«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները և տեղին չէ վերանայել այդ հարաբերությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանություններին բավարարում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, հարաբերությունները՝ հաշվի առնելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը և այն փաստը, որ ռուսական կողմը չի հանձնում սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին հայկական կողմին:
«Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ: Կապել Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, որը հանրության շրջանում վրդովմունք, զայրույթ առաջացրեց, ինչը, իհարկե, մարդկային է, և ասել, որ պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները, կարծում եմ, տեղին չէ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ջանքերով մտադիր են առավել խորացնել, ամրապնդել ու զարգացնել դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները:
Է. Նալբանդյանը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության գործը բացահայտելու հարցում հայ և ռուս իրավապահների միջև լիակատար փոխմբռնում կա, որ պետք է հետաքննությունը լինի բաց, թափանցիկ, մեղավորները պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը չի խախտել հայ-ռուսական պայմանագրով նախատեսված դրույթը և ռուս սահմանապահները չե՞ն գերազանցել իրենց լիազորությունները, նախարարն ասաց. «Որևէ միջազգային պայմանագրի մեկնաբանության հարցում, եթե առաջանում են հակասություններ, ըստ ընդունված միջազգային կարգի, իրավասու կառույցները դիմում են արտաքին գործերի նախարարություններին: Այդ ժամանակ ստեղծվում է համապատասխան հանձնաժողով: Եթե հանձնաժողովի աշխատանքը չի տալիս համապատասխան արդյունքներ, կողմերին բավարարող լուծումներ չեն գտնվում, այդ ժամանակ հարցերը լուծում են դիվանագիտական ճանապարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին