ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մարիուպոլի գնդակոծության հարցում ընդհանուր հայտարարի չի եկել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդհանուր հայտարարություն համաձայնեցնել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի հրթիռակոծության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» կայքը, վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության պարզաբանումը։
Հաղորդագրության համաձայն, Մարիուպոլի դեպքերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը քննարկվել է ողջ շաբաթ օրվա ընթացքում, սակայն փոխզիջման հասնել այդպես էլ չի հաջողվել։ Դիվանագետների խոսքերով, հիմնական բարդությունը կայացել է նրանում, որ Մեծ Բրիտանիան ցանկացել է հայտարարության տեքստում գնդակոծության պատասխանատվությունը դնել աշխարհազորայինների վրա։
Հիշեցնենք, հունվարի 24-ին «Գրադ» տեսակի հրթիռներ էին արձակվել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 30, վիրավորվել` շուրջ 90 մարդ։ Ուկրաինական իշխանությունները գնդակոծության համար մեղադրել են աշխարհազորայիններին, մինչդեռ վերջիններս հերքում են մեղադրանքները, դրանք որակելով սադրանք։
Գնդակոծության և հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Եվրամիությունն ու Միացյալ Նահագերը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն, իր հերթին, հայտարարել է, թե Մարիուպոլի հրթիռակոծությունը կարելի է գնահատել միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Բան կի Մունը դատապարտել է նաև աշխարհազորայինների` «հրադադարի ռեժիմից միակողմանիորեն հրաժարվելու» որոշումը, այն համարելով Մինսկի պայմանավորվածությունների խախտում։