Իրանն ակնկալում է 2015 թ.-ին պայմանագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ
Իրանն ակնկալում է 2015 թ.-ին պայմանագիր կամ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ և մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստանն իր արտահանումն ավելացնելու համար: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
«Կարծում եմ, որ 2015 թ.-ին մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական շփումներ ունենա ԵՏՄ-ի հետ: Մենք այդ ուղղությամբ այժմ աշխատում ենք, Իրանը մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան և այլ երկրներ իր արտահանումն ավելացնելու համար: Հավանաբար, հարկավոր է ստորագրել որևէ պայմանագիր կամ փոխըմբռնման հուշագիր»,-ասել է Մ. Սանային:
Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի լիարժեք համագործակցության ճանապարհին կանգնած է իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը:
«Կա ևս մեկ խնդիր՝ Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսային սակագները: Իրանն իր ապրանքները Ռուսաստան է ուղարկում ուղղակիորեն, այլ ոչ թե այլ երկրներով, որոնք սակագնային արտոնություններ ունեն: Այդ սակագները բարձր են Իրանի համար: Իրանցի գործարարները հաճախ են մեզ խնդրում նպաստել սակագների նվազեցմանը, նրանք վկայակոչում են Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների օրինակը»,-հավելել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2015թ.-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ Իրան-Հայաստան սահմանը միաժամանակ նաև ԵՏՄ-Իրան մաքսային սահման է: Միության և երրորդ երկրների հետ մաքսային քաղաքականությունը Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանն իրականացնելու են համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին