Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների. ՀՀ ԱԳ նախարար
«Այնպիսի տպավորություն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային սկզբունքների ադրբեջանական ընկալում»,- Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման հիքմում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը:
Է. Նալբանդյանը նշեց, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից արված առաջարկությունների հիմքում:
«Ի պատասախան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, նաև այդ երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունն այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների: Դա է հակասությունն այն խոսքերի մեջ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալելի լինել այդ հարթակներում, բայց իրականության մեջ ստացվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, երբ որ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ադրբեջանցիներն ասում են, որ այդ կազմակերպությունները կամ կազմակերպությունների ներկայացուցիչները ոչինչ չեն հասկանում: Դե միգուցե հասկացողները միայն ադրբեջանցիներն են»,- ասաց Է. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին