Հայաստանի տնտեսական ազատության աստիճանը` ըստ Heritage Foundation-ի
Ամերիկյան «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպությունը հրապարակել է «Տնտեսական ազատության ինդեքս 2015» վարկանիշային հետազոտությունը: Զեկույցում գնահատվել է 2014թ-ին աշխարհի 178 երկրներում տնտեսական ազատության աստիճանը:
Վարկանիշային հետազոտության արդյունքներով՝ Հայաստանը որոշակի նահանջ է գրանցել նախորդ տարվա համեմատ՝ 67.1 միավորով զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը: 2013թ-ի տվյալներով՝ Հայաստանը զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը: Այս հետազոտությամբ ևս Հայաստանը գնահատվել է որպես միջին տնտեսական ազատություն ունեցող երկիր:
Միաժամանակ Հայաստանը շարունակում է առաջատար դիրք գրավել ԱՊՀ տարածքում: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, Ղրղզստանը՝ 82-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Մոլդովան՝ 111-րդ, Տաջիկստանը՝ 140-րդ, Ռուսաստանը՝ 143-րդ, Բելառուսը՝ 153-րդ, Ուզբեկստանը՝ 160-րդ, Ուկրաինան՝ 162-րդ, Թուրքմենստանը՝ 172-րդ հորիզոնականները:
Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը գնահատվել է որպես «հիմնականում ազատ»՝ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը: Թուրքիան 70-րդ տեղում է, իսկ Իրանը՝ 171-րդ հորիզոնականում: Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ տնտեսական ազատության աստիճանը Հայաստանում բարձր է աշխարհի և տարածաշրջանի միջին ցուցանիշից: Ըստ զեկույցի՝ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:
Նշենք, որ «Տնտեսական ազատության ինդեքս» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա։ Դրանք են՝ գործարար ազատություն, առևտրի ազատություն, ֆիսկալ ազատություն, ազատություն կառավարությունից, արժութային ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունքի պաշտպանվածություն, ազատությունը կոռուպցիայից և աշխատանքային ազատություն։
«Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ընդհանուր գնահատականը նվազել է 1,8 կետով, ինչը արտահայտում է սեփականության իրավունքի պաշտպանվածության, աշխատանքի, ինչպես նաև արժութային ազատությունների ոլորտում էական նահանջը: Հայաստանի անցումը ավելի դինամիկ և շուկայական տնտեսության դյուրացվել է համաշխարհային առևտրի բաց լինելով և գործարարությանը խրախուսելու ուղղությամբ կատարված նորմատիվ-իրավական բարեփոխումներով: Այնուամենայնիվ, երկարաժամկետ տնտեսական զարգացման առումով առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են մշտական ջանքեր՝ հատկապես դատական համակարգի անկախությունն ամրապնդելու և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- նշված է զեկույցում:
Վարկանիշային հետազոտությամբ՝ աշխարհում տնտեսական ազատության ինդեքսով առաջատարն է Հոնկոնգը, որին հաջորդաբար հետևում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեյցարիան: