«Հոլոքոստի նման հանցագործությունները չպետք է կրկնվեն». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Հանդուրժողականության հրեկանա թանգարան և կենտրոն, որտեղ ծանոթացել է Հոլոքոստին նվիրված «Մարդը և աղետը» ցուցադրությանը: Այս մասին տեղեկացնում է «Տասս» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ այսօրվա պայմաններում Հոլոքոստի նման հանցագործությունները չպետք է կրկնվեն: «Արժանին մատուցելով մեր անցյալին՝ մենք պետք է առաջ նայենք»,- ասել է Պուտինը,-«Դա մեր ընդհանուր գործն է, և առանց չափազանցության, համայն աշխարհի հանրության ամենակարևոր և ակտուալ խնդիրը»:
ՌԴ նախագահը կոչ է արել համատեղ պայքարել նեոնացիզմի և ահաբեկչության դեմ: Պուտինը նաև անդրադարձել է պատմությունը խեղաթյուրելու հարցին՝ նշելով, որ դա անթույլատրելի և ամոթալի արարք է: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այնտեղ, որտեղ ժողովրդին ներարկում են ազգային և բարոյական գերազանցության մասին գաղափարներ, հիմք են դնում ազգամիջյան ատելությանը:
Խոսելով Հոլոքոստի մասին՝ Պուտինը նշել է, որ Նյուրնբերգյան դատավարության տվյալներով Հոլոքոստի զոհ են դարձել շուրջ վեց միլիոն հրեաներ: «Նման հանցագործությունները չունեն և չեն ունենա վաղեմության ժամկետ: Դրանք ոչ ներել կարելի է, ոչ էլ մոռանալ»,- հավելել է Պուտինը: