Իսրայելը մտադիր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել
Իսրայելը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրություն է հայտնել: Այդ մասին նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգադոր Լիբերմանը: Փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Բանակցություններ ենք վարում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, այլ ոչ թե անդամակցության հարցի շուրջ: Ազատ առևտրի գոտու մասին նմանատիպ պայմանագիր ունենք Եվրոպական միության հետ: Հենց այդպիսի պայմանագիր ենք մտադիր կնքել նաև ԵՏՄ-ի հետ»,- ասել է Լիբերմանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իսրայելցի պաշտոնյայի հայտարարությանը արձագանքել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նշել է, որ ազատ առևտրի գոտին կարող է կյանքի կոչվել, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն իսրայելական կողմի հետ:
Նկատենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԵՏՄ-ի կազմավորումից հետո ավելի քան չորս տասնյակ երկիր ու միավորում հետաքրքրություն է ցուցաբերել կառույցի հետ ազատ առևտրի գոտու ռեժիմ ունենալու հարցում: