Տասն ամսվա ընթացքում Իրանը ՄԱԿ-ում երկրորդ դեսպանն է նշանակում
«Շվեյցարիայում ԻԻՀ դեսպան Ղոլամալի Խոշրուն նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ էր նշանակվել Համիդ Աբութալեբին՝ փոխարինելով Մոհամմադ Խազայիին: Երբ Իրանը Համիդ Աբութալեբիին նշանակեց ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան, ԱՄՆ սենատորներից մեկը՝ Թեդ Քրուզը, իրանցի դիվանագետին ահաբեկիչ անվանեց, որից հետո ԱՄՆ Կոնգրեսը ձեռնամուխ եղավ նրա մուտքը Նյու Յորք արգելելու գործընթացին: Ամերիկյան կողմն իր այդ գործողությունը պատճառաբանեց այն հանգամանքով, որ Աբութալեբին 1979թ. մասնակցել է Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավմանը: Այնուհետև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի՝ Նյու Յորք մուտք գործելն արգելող օրինագիծը:
Իրանի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ում նոր ներկայացուցչի նշանակման առթիվ հաղորդագրություն է հրապարակել, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի բողոք ներկայացնել Համիդ Աբութալեբիին մուտքի արտոնագիր չտրամադրելու հյուրնկալող երկրի ոչ իրավական գործողությունների վերաբերյալ:
Հավելենք, որ1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ:
Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին: Ամեն տարի նոյեմբերի 4-ը (աբանի 13) Իրանում նշում են Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավման օր:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին