«ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացնում է իր առջև դրված խնդիրները». քաղաքագետ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ստատուս քվոյի պահպանումն է և գործընթացի շարունակումը, և այն կատարում է իր առջև դրված խնդիրն արդեն քսան տարի է»,- լրագրողներին տված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքերով՝ դժվար է գտնել այնպիսի ձևաչափ, որտեղ ՌԴ և արևմուտքի հետաքրքրությունները համընկնում են. «Տեսեք՝ ինչ է կատարվում Ստրասբուրգում կամ ռուս-ամերիկյան հարաբերություններում: Եվ նման պայմաններում ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան աշխատում են մի գործընթացի վրա համատեղ, դա յուրօրինակ բան է»:
Քաղաքագետի խոսքերով՝ սա նրա արդյունքն է, որ մեր տարածաշրջանում ոչ ոքի պատերազմական վիճակը ձեռնտու չէ:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի քաղաքագետը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկության մասին, Իսկանդարյանն ասաց. «Ես քահանա չեմ, որ ասեմ՝ ինչն է ճիշտ, ինչն է՝ սխալ: Ես քաղաքագետ եմ, իսկ իմ գործը գնահատելն է: հայաստանյան պատվիրակությունն, իմ կարծիքով, այդպիսով ցուցադրում է, ասյպես ասած, «սթենդ-բայ», մենք փորձում ենք դրությունը հնարավորինս պահել: Այսպիսով՝ Հայաստանը ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, սա կոմպլեմենտարիզմի հայկական ավանդական քաղաքականությունն է»:
Ըստ Իսկանդարյանի՝ Մինսկի գործընթացը ճիշտ չէ թերագնահատել, քանի որ Մինսկի խումբն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Քաղաքագետի խոսքերով՝ Մինսկի խումբն առաջին հերթին պետք է կողմերի միջև հանդիպումներ ապահովի:
«Հարցրեք ցանկացած կոնֆլիկտոլոգի, նրանք կասեն, որ այն հակամարտությունները, որոնց լուծման համար կողմերը պարբերաբար հանդիպում են, եթե անգամ այդ հանդիպումներին միմյանց անեկդոտներ են պատմում, առավել արդյունավետ են կարգավորում ստանում»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Մինսկի խմբի երկրորդ նպատակը գործընթացի միջազգայնացումն է: Իսկանդարյանի խոսքերով՝ բանակցությունների սենյակում պետք է լինեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչը կապահովի բանակցությունների միջազգային ձևաչափում գտնվելը: Մինսկի խմբի երրորդ նպատակն, ըստ քաղաքագետի, արդեն ստատուս-քվոյի պահպանումն է: Այս առաջադրանքները Մինսկի խումբն արդեն քսան տարի է իրականացնում է:
«Պարզապես նրան երբեմն հեշտ է աշխատել, երբեմն դժվար: Հիմա նրա համար դժվար է աշխատելը: Ադրբեջանի՝ շփման գծում գործողությունները, Ադրբեջանի ներքին խնդիրները, ռուս-արևմտյան հակամարտությունը, մոտեցող ապրիլի քսանչորսը, այս ամենը բարդացնում է Մինսկի խմբի աշխատանքը, բայց նրանք կշարունակեն գործել»,- ասաց Իսկանդարյանը: