Մարտի 1-ի էջը փակված չէ. Ստեփան Դեմիրճյան
«Ոճրագործությունից անցել է 7 տարի և պետք է արձանագրել, որ իշխանություններն այս տարիների ընթացքում արել են ամեն ինչ՝ գործը կոծկելու համար, մինչդեռ լիարժեք բացահայտումը մեր պետության պատվի հարցն է»,- այսօր Ազատության հրապարակում Մարտի 1–ի 7–րդ տարելիցին կապակցությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, մինչ այսօր որևէ մեկը պատասխանատվություն չի այդ հանցագործությունների համար. «Ո՞վ է հավատում, որ հնարավոր չէր բացահայտել։ Մարտի 1-ը նույնպես անպատժելիության հետևանք է։ Եթե ժամանակին պատժեին 2004թ-ի ապրիլի 12-ին տեղի ունեցած բռնությունների կազմակերպիչներին ու կատարողներին, չէր լինի մարտի 1-ը»,– նշեց նա։
Ս. Դեմիրճյանը շեշտեց, որ իրականում հարցերի հարցն այն է, որ իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը ազատ ու անկախ ընտրությունների միջոցով։
«Մարտի 1-ի էջը փակված չէ: Չենք կարող համակերպվել այս ամենի հետ, պայքարելու ենք հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի»,-ամփոփեց Ս. Դեմիրճյանը։