Ավիգդոր Լիբերմանը մեղանչում է ճշմարտության դեմ
«Մարդկության պատմությանը շատ ողբերգություններ են հայտնի: Դրանք մոռանալ չի կարելի, ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում և կատարում անհրաժեշտ հետևություններ»: Այս խոսքերի հեղինակը Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն է:
Առաջին հայացքից այս արդարացի մոտեցման բնույթը, սակայն, հիմնովին փոխվում է, երբ տեսնում ենք, թե ով և որտեղ է արել այս հայտարարությունը: Իսրայելի ԱԳ նախարարն այս խոսքերն արտահայտել է «Խոջալուի ցեղասպանություն» կոչվող ադրբեջանական ֆարսի միջոցառման ժամանակ: Արտգործնախարարը խոնարհվում է կասկածելի հանգամանքներում զոհված մի քանի հարյուր մարդու հիշատակի առջև, սակայն, միևնույն ժամանակ չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ:
Հետաքրքիր է, երբ Լիբերմանը դիվանագիտական հատուկ տխրությամբ նայում էր Խոջալույի «զոհերի» դիակների նկարներին, արդյոք այնտեղ իր աչքով չի ընկել, օրինակ, Պաղեստինցի խաղաղ բնակիչների նկարներ, որոնք սպանվել են իսրայելական հրետակոծությունից քառասունական կամ վաթսունական թվականներին: Այդ մարդուն իր խորհրդականները պետք է հուշած լինեին զգույշ լինել, քանի որ իր սիրելի դաշնակից Ադրբեջանը սովորություն և հարուստ փորձ ունի Կոսովոյի ալբանացիների և քրդերի դիակների նկարներով զարդարել Խոջալույի դեպքերի կադրերը, գուցե հատուկ նրա համար անակնկալ պատրաստած լինեին: Բայց մենք էլ մեր կողմից հատուկ նրա համար բերենք մի քանի փաստ, թե ինչի տակ է իրականում «ստորագրում» այդ պաշտոնյան՝ մասնակցելով նման քվազի միջոցառումներին:
Խոջալուի դեպքերը լավագույնս «լուսաբանել» են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաևը և հայտնի լրագրող Արիֆ Յունուսովը, ովքեր միաբերան պնդել և ապացուցել են, որ իրականում այնտեղ հայերը թողել էին մարդասիրական միջանցք՝ խաղաղ բնակչության նահանջի համար, իսկ Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչներն ադրբեջանական ինչ-ինչ ուժեր էին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ավանգարդային հերոս Հեյդար Ալիևին: Վերջինն էլ դրել է բոլոր կասկածների հիմնավորման վերջակետը՝ իշխանության գալուց առաջ հայտարարելով. «Իշխանության գալու համար մեզ պետք է արյունահեղություն», որին անմիջապես հաջորդեց Խոջալուի դեպքերը:
Խոջալուի իրողությունն ու վերը նշված անձանց վկայությունները դժվար թե հայտնի չլինեն Իսրայելի պես երկրի արտգործնախարարին, երկիր որի «Մոսադ» հետախուզական ծառայությունը աշխարհում առաջնային դիրքերում է և միանշանակ տիրապետում է այս փաստերին, ուստի հնարավոր չէ, որ դրանք արտգործնախարարին ներկայացված չլինեն:
Այստեղ առաջանում է բարոյականության և ֆինանսական շահերի անթաքույց միախառնման մի գործընթաց, որտեղ տուժում է բարոյականությունը որպես արժեք, քանի որ արժեքներն ավելի զգայուն են դեգրադացնող երևույթների հանդեպ:
Երկիր, որի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, պետք է դառնա այդ երևույթը դատապարտող և կանխարգելող առաջատարներից մեկը, փոխարենը` զբաղված է իր, այսպես կոչված, «բարոյական գործառույթի» սպառման կոսմետիկ աշխատանքներով՝ տուրք տալով ժխտողականությանն ու այս առումով իրեն դիրքավորելով ոչ ամենևին ընկալելի և ընդունելի (որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի ներկայացուցիչ) շահերի դաշտում:
Մյուս կողմից, սակայն, դիվանագիտորեն քողարկված, բայց հարուստ լեզվի նրբությունները հաշվի առնելով՝ Լիբերմանը գուցե այս խոսքերը` «դրանք մոռանալ չի կարելի», իրականում ուղղել է ադրբեջանական ղեկավարությանը՝ նկատի ունենալով Խոջալուի դեպքերը բացահայտող վերը բերված փաստերը: