Երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժ․ Ֆրանսիան խախտում է Եվրոպական սոցիալական խարտիան
Եվրոպայի խորհուրդը գտնում է, որ Ֆրանսիան խախտել է Եվրոպական սոցիալական խարտիան։ Այսօր հրապարակված որոշմամբ Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավուքների կոմիտեն նշում է, որ երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը բավականաչափ հստակ և ճշգրիտ ձևով արգելված չէ ֆրանսիական օրենքով կամ նախադեպային իրավուքնով։
Կոմիտեն նաև նշում է, որ բազմիցս հայտնաբերել է, որ իրավիճակը չի համապատասխանում խարտիայի 17-րդ հոդվածին՝ երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական և տնտեսական իրավունքների պաշտպանությանը։
Նշվում է, որ ԵԽ-ի հովանու ներքո գործող INGO հոլդինգի և «Բոլոր երեխաների պաշտպանություն» կազմակերպության կողմից Եվրոպայի խորհուրդ միասնական գանգատը ներկայացվել է 2013թ․-ի փետրվարին՝ ընդդեմ ԵԽ անդամ 7 երկրների՝ ներառյալ Ֆրանսիային։
Գանգատում նշվել է «ընտանիքում, դպրոցներում և այլ իրավիճակներում երեխաների նկատմամբ ֆիզիկական պատժի բացահայտ և արդյունավետ արգելքի բացակայությունը»։
Ֆրանսիայի վերաբերյալ որոշումն ընդունվել էր 2014թ․-ի սեպտեմբերին, որը հրապարակվել է այսօր։
Եվրոպական սոցիալական խարտիան, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բնական գործընկերն է սոցիալական և տնտեսական իրավուքների ոլորտում, իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիր է, որին պետությունները պետք է հետևեն վավերացնելուց հետո։ Ֆրանսիան ստորագրել է խարտիան 1996թ․-ին և վավերացրել՝ 1999թ․-ին։
Նշենք, որ Հայաստանը Եվրոպական սոցիալական խարտիան ստորագրել է 2001թ․-ին և վավերացրել՝ 2004թ․-ին։