ԵՄ հանձնակատար. Եվրոպական հարևանության քաղաքականությունը պետք տարբերակված մոտեցումներ որդեգրի
ԵՄ-ն հանդես է եկել հարևան երկրների հետ տարբերակված համագործակցություն մշակելու նախաձեռնությամբ` սկսած ազատ առևտրի և ասոցացման մասին համաձայնությունից մինչև համագործակցության առավել լայն շրջանակներ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ներկայացնելով Եվրոպայի հարևանության քաղաքականության զարգացման հաշվետվությունը նշել է, որ հարևանության նոր քաղաքականությունը չպետք է համեմված լինի «մեծամտությամբ»:
«Մենք պետք է ստեղծենք հավասար համագործակցություն, իսկ մեր քաղաքականությունը չպետք է հանդես գա միայն պահանջողի դերում:
Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարևան երկրների միջև առկա տարբերությունները»,- հայտարարել է հանձնակատարը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովը այս աշնանը պատրաստվում է ներկայացնել նոր առաջարկներ Եվրոպայի հարևանության քաղաքականության զարգացման և արդիականացման հեռանկարների վերաբերյալ:
«Մինչև հունիսի վերջ մենք կսկսենք լայն շրջանակներով խորհրդակցել գործընկերների, հարևան երկրների և ԵՄ-ում բոլոր հետաքրքրված կողմերի հետ: Այս խորհրդակցական գործընթացներից հետո աշնանը պատրաստ կլինի Եվրոպայի հարևանության քաղաքականության զարգացման և արդիականացման ծրագիրը»,-նշել է եվրահանձնակատարը:
Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարել էր, որ 2015-ը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան: