Նուլանդը հայտարարում է Ուկրաինայում գտնվող «հազարավոր» ռուս զինվորականների մասին
Ուկրաինայում «հազարավոր ռուս զինվորականներ» կան։ Այս մասին, «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, ամերիկյան կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը։
«Ուկրաինայի արևելքում ոուսական բանակը հրամանատարական կազմ է ձևավորել, գեներալներից մինչև կրտսեր սպաներ», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչն ու հավելել, թե հենց նրանք են ֆինանսավորում ու վերահսկում այդ պատերազմը։
Նուլանդի խոսքերով, ռուսական կողմը «հարյուրավոր միավոր» զինտեխնիկա է տրամադրել աշխարհազորայիններին, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ ու համազարկային կրակի համակարգեր։ Միաժամանակ, Նուլադը հրաժարվել է վկայակոչել առավել հստակ տվյալներ, պատճառաբանելով լսումների բաց լինելու հանգամանքը։
Նույն ելույթում Նուլանդը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցերի սահմանման հնարավորությունը, եթե ռուսական կողմը չկատարի Մինսկի համաձայնագրերը։
Անդրադառնալով Ուկրաինային զենք մատակարարելու հարցին, Նուլանդը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս որոշում չի կայացրել այդ հարցի առնչությամբ և որ Վաշինգտոնի դիրքորոշումը մեծապես կախված է լինելու Մինսկի պայմանավորվածությունների կատարումից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ