Թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)
«Կարծում եմ այդ հայտարարությունն արտացոլանք է մեր հանրապետությունում տիրող ապօրինի, ոչ լեգիտիմ իրավիճակի, որը եթե իր լուծումը չգտնի Նեմցովի օրինակով պիտի ահաբեկչության տեսք ստանա»,-այս մասին «Ազատության» հրապարակում իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը:
«Մեզ սպասվում են շատ դժվար, վտանգավոր պահեր, որոնք արտակարգ և արտահերթ լուծում են պահանջում»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով Ծառուկյանի դուրս գալն իր քաղաքական իրավասությունների մեջ էր. «Հույս եմ տածում, որ մեր հանրապետությունում ոչ մեկը իր քաղաքական գործունեության համար չի «պատժվելու»:
Անդրադառնալով նախօրեին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի և մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ նա ասաց.«Ես երկու հայտարարություններին էլ համաձայն չեմ և ժխտում եմ երկուսին էլ: Դրանց միջև չեմ ուզում նմանություններ փնտրել, ընդհանրություններ որոնել»:
Խոսելով «Ժառանգության» գործունեությունից՝ Ր. Հովհաննիսյանն ընդգծեց. «Թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի»: