The Hill. «Հարյուրամյակը թարմացնում է «K» փողոցի վեճը Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ»
Ամերիկյան The Hill պարբերականը «Հարյուրամյակը թարմացնում է «K» փողոցի վեճը Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ» վերնագրով հոդված է տպագրել, որում անդրադարել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու ամերիկացի կոնգրեսականների ներկայացրած բանաձևին և Թուրքիայի քայլերին: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Ամերիկացի օրենսդիրները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածի 100-րդ տարելիցը նշում են «վիճելի» բանաձևով` ըստ որի դա պետք է պաշտոնապես ճանաչվի որպես ցեղասպանություն:
Հարյուրամյակը վերածնել է լոբբիների ճակատամարտը, որտեղ յուրաքաչյուր կողմ ավելի քան երբևէ վճռական է:
Հեղինակ Մեգան Վիլսոնը մեջբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, բանաձևի նախաձեռնող Ադամ Շիֆին, ով ակնկալում է աննախադեպ ակտիվություն տեսնել ամբողջ երկրով մեկ` մեծաքանակ արշավների և ցույցների կազմակերպումներ, հիշատակման երեկոներ, 100-րդ տարելիցին ցեղասպանությունը ճանաչելու կոչեր Կոնգրեսին ու նախագահին:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով` այս տարի բազմաթիվ միջոցառումներ են լինելու` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ցեղասպանության հարցը Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև առանցքային խնդիր է: Դա անտեսելը կամ ուրիշներին լռեցնելը չի գործելու»,-ասել է նա:
Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը երեք տասնյակ է, ինչ քննարկվում է Կոնգրեսում: Երկու ժողովուրդների միջև վեճը, սակայն, չի կարող լուծվել առանց հանրային քննարկումների:
Մինչ կոնգրեսականները ներկայացնում էին «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը», Թուրքիան վերկնքեց նախկին կոնգրեսական Դիկ Գեպհարդի Gephardt Government ընկերության հետ 1.7 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը:
Թուրքիան անցած տարի ընդունեց, որ հայերը Օսմանյան կայսրությունում «անմարդկային» ճնշումների են ենթարկվել, սակայն նրա ղեկավարները հրաժարվում են 1915 թվականի զանգվածային կոտորածները ցեղասպանություն անվանել:
Այս ապրիլի լրանում է Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածների ու էթնիկ զտումների 100-րդ տարին: Այդ «դեպքերը» լարվածություն են առաջացրել ոչ միայն երկու երկրների, այլ այդ երկրների ու ԱՄՆ-ի միջև:
Սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման խոստացել էր լինել առաջին ղեկավարը, ով «կոտորածները» բնութագրելու համար կօգտագործի ցեղասպանություն եզրույթը: Սակայն ընտրվելուց հետո նա խուսափեց այդ բառից»,-եզրափակել է հեղինակը:
Նշենք, որ Վաշինգտոնի «K» փողոցը հայտնի է իր բազմաթիվ վերլուծական, լոբբիստական և փաստաբանական կենտրոններով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին