Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կներկայացնի Իրաքի և Սիրիայի քրիստոնյաների պաշտպանության վերաբերյալ խարտիա
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում ներկայացնելու է փաստաթուղթ, որով նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրաքի և Սիրիայի քրիստոնյաների ու կրոնական այլ փոքրամասնությունների պաշտպանության համար: Ֆրանսայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ընդգծել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների գործողությունների պատճառով կրոնական փոքրամասնություններին մահ է սպառնում: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Արևելքի քրիստոնյաներին այժմ արմատախիլ են անում: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը` ցանկանում ենք գնալ վճռական քայլի: Այժմ մենք նախագահում ենք ՄԱԿ ԱԽ-ում և որոշել են այս թեմայով նիստ հրավիրել: Սա առաջին դեպքն է: Հույս ունեմ, որ «Գործողությունների խարտիան», որը մենք կառաջարկենք, օգտակար ներդրում կլինի»,-ասել է Ֆաբիուսը` հիշեցնելով, որ «Արևելքի քրիստոնյաների պաշտպանի» դերը Ֆրանսիան իր վրա վերցրել է դեռ Ֆրանցիսկ 1-ինի ժամանակներից:
Ֆրանսիացի դիվանագետների ջանքերով մշակված նախագիծը բաղկացած է 4 բաժիններից:
Առաջին մասը վերաբերում է հումանիտար բնագավառին, որում քննարկվում է ոչ միայն փախստականների խնդիրները, այլև նրանց` մշտական բնակության վայր վերադառնալու հարցը: Երկրորդ բաժնով նախատեսված է կոալիցիայի ստեղծումը: Իրաքի բանակը և այլ ուժեր պետք է կարողանան ապահովել հետապնդվող փոքրամասնությունների անվտանգությունը:
Երրորդ բաժնով նախատեսված է քաղաքական բնույթի մի շարք հարցեր, իսկ չորրորդով պատիժ սահմանել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանցագործություն կատարելու համար: