Վրաստանի վարչապետն «անընդունելի» է համարում կառավարությանն ուղղված նախագահի քննադատությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, թե իր համար բացարձակապես անընդունելի է երկրի նախագահի քննադատությունը կառավարության անդամների հասցեին։ Այս մասին հաղորդում է «apsny.ge» կայքը։
Նշենք, ավելի վաղ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատության էր ենթարկել կառավարությանը կից խորհուրդների գործունեությունն ու դրանց փոխառումն այլ պետություններից։ Խոսքը, մասնավորապես, տնտեսության, անվտանգության և ճգնաժամերի կառավարման նորաստեղծ խորհուրդների գործունեության նպատակահարմարության մասին է, որոնց գործունեությունը նախագահը ցածր էր գնահատել, իսկ նախարարների անդամակցությունը դրանց շարքային անդամների կարգավիճակով տարօրինակ։
Վարչապետ Գարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով նախագահի ելույթին, ասել է. «Խորհուրդներ ստեղծելով նոր հայտնագործություն չենք արել։ Ընդհակառակը, համակարգման արդյունավետության բարձրացման նպատակով ես փորձել եմ ստեղծել խորհուրդներ, որոնք մշտապես հետևելու և վերուծելու են երկրում ընթացիկ իրադարձություններն ու գնահատել հնարավոր ռիսկերը»։
Գարիշաբշվիլին նշել է, թե նմանօրինակ խորհրդատվական մարմիններ գործում են Իսրայելում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Միաժամանակ, վարչապետի խոսքով, իր համար անընդունելի է նախագահի դիտողություններն ու քննադատությունը նախարարների հասցեին զուտ այն պատճառով, որ վերջիններս գործում են որպես խորհուրդների շարքային անդամներ։
«Այդ խորհուրդը ես եմ ղեկավարում, իսկ որտեղ ղեկավարում է վարչապետը, նախարարը պետք է լինի շարքային անդամ։ Ինձ համար բացարձակապես անընդունելի է նման կարգի ստորադասական գնահատականը։ Պետք է կոչ անեմ բոլորին, այդ թվում նախագահին, որ երբ խոսք է գնում պետական ինստիտուտների հզորացման մասին, չպետք է մոռանալ, որ նման խոսակցություններով մենք պետությանը վնաս ենք հասցնում», - ասել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները