FT. «Հայոց ցեղասպանություն. մահ և ժխտողականություն»
Անձնական վկայությունները և գիտական ուսումնասիրությունները կասկածի տեղ չեն թողնում, որ Օսմանյանների կազմակերպած հայերի ջարդերը, որոնց 100-րդ տարելիցը լրանում է այս ամիս, Ցեղասպանություն է: Այս մասին Հայոց ցեղասպանությանը նվիրված իր անդրադարձում գրում է բրիտանական առաջատար «Financial Times» պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ` Ֆրանցիսկոս պապը դիվանագիտական ֆոթորիկ առաջացրեց Թուրքիայի հետ հարաբերություններում` Հայոց ցեղասպանությունը բնորոշելով որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Այս առումով պարբերականը նկատում է, որ թեև Ցեղասպանությունը բառը դեռ շրջանառության մեջ դրված չէր, երբ 1915-16 թթ-ին տեղի էին ունենում հայերի ջարդերը և միայն 1948 թվականին ՄԱԿ կոնվեցիայում իրավական ամրագրում գտավ, բայց այն, ինչի մասին խոսեց Պապը, փաստերի պարզ շարադրում էր:
Անդրադառնալով Ցեղասպանության մասին տարբեր կարծիքների առկայությանը և, մասնավորապես Հանրապետական Թուրքիայի հռչակումից ի վեր այդ հարցում ժխտողականության քաղաքականությանը, պարբերականը նկատում է, որ այդ ժխտողականության պատմությունը փորձում է շեշտադրումը տեղափոխել այն հանգամանքի վրա, որ հայերը սպանվել են, քանի որ Օսմանյան կայսրությունը գտնվել է պատերազմական վիճակում:
«Օսմանյան կայսրությունում սպանվեց ավելի քան 1,5 մլն հայ: Այնուհետև հայերի մասին ամեն ինչ մաքրվեց թուրքական պատմության էջերից և քեմալական Թուրքիայի դասագրքերից: Պարտադրված ամնեզիան ավելի ուժեղացավ Օսմանյան գիտնականների լռության պատի ֆոնին: Ցեղասպանության մասին հիշողության կորուստի նշանակության մասին մեզ հիշեցնում է Հիտլերի տխրահռչակ հարցադրումն առ այն, թե «հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին»»,- գրում է պարբերականը:
Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիան ի տարբերություն Քեմալական ժամանակահատվածի ավելի բաց դարձավ կապված Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման հետ: Թեև պարբերականը միաժամանակ նաև նկատում է, որ «օրինակ Ֆրանցիսկոս պապին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի անհիմն մեղադրանքները վկայում են՝ իրականում Թուրքիան որքան հեռու է 100 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցածի հետ առերեսվելու կարողությունից»:
«Թեև Թուրքիայում այսօր հնարավոր է գտնել Ցեղասպանության թեմային անդրադարձ կատարած գրքեր, որոնք փաստում են, որ այդ սահմռկեցուցիչ դեպքերը Ցեղասպանություն է, բայց պաշտոնական մակարդակում այդ դեպքերը որպես Ցեղասպանություն չի ճանաչվում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը թվարկում է երեք գիրք` Ռոնալդ Գրիգոր Սյունի «Նրանք կարող են միայն անապատում ապրել, ուրիշ ոչ մի այլ տեղ», Թոմաս դե Վաալի «Մեծ ողբերգություն. Հայերը և թուրքերը Ցեղասպանության ստվերում» և Կառնիգ Փանիանի «Մեմուարներ Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունները, որոնցից կատարելով մեջբերումներ` փաստում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 100 տարի առաջ Ցեղասպանություն է: