Հարցազրույցներ 10:48 23/04/2015

Նախագահ Սարգսյանը պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին: Panorama.am-ը ներկայացնում է հարցուպատասխանի սղագրությունը:

Al Jazeera. -Մի քիչ խոսենք Ցեղասպանության 100-ամյակի մասին. 100 տարի անցել է այս աղետից և մեր ժողովուրդը, հայերը, Սփյուռքը, Հայաստանը կարիք ունեն չմոռանալու, ինչպե՞ս կարող ենք չմոռանալով առաջ գնալ:
-Մենք միշտ առաջ ենք նայել, միշտ: Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց դա է: Մենք առնվազն երեք հազար տարի ապրել ենք այս տարածաշրջանում և այդ հազարամյակների ընթացքում ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ կորուստներ, ունեցել ենք ինչպես ուրախության, հրճվանքի պահեր, այնպես էլ տխրության ու ողբի պահեր, բայց մենք միշտ առաջ ենք նայել և հիմա էլ առաջ ենք նայում: 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն՝ ընդամենը 24, 25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, և, կարծում եմ, որ այս ընթացում բավական առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետև մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ Ցեղասպանություն բառն օգտագործելն ինքնանպատակ չէ:

Բոլոր միջոցառումները տարբեր ուղերձներ են պարունակում, և այդ ուղերձներից մեկը, հենց հիշողությունն է: Հիշողությունը, մեր կարծիքով, սերտորեն կապված է երախտագիտության հետ. երախտագիտություն բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների, պետությունների հանդեպ, ովքեր փրկել են մեր ժողովրդի մի փոքրիկ մասին, ովքեր հնարավորություն են տվել ապրելու իրենց երկրներում, զարգանալու, պահելու իրենց ինքնությունը: Երրորդ ուղերձը կանխարգելումն է, և մենք մեր պարտքն են համարում վեր հանել, ընդհանրապես, Ցեղասպանություն հանցագործության պատճառահետևանքային կապը և դրանց կրկնության օրինաչափությունները վեր հանելով՝ կանխարգելել ապագայում որևէ Ցեղասպանություն: Չորրորդ ուղերձը վերածնունդն է: Մենք այս միջոցառումներով ուզում ենք ասել, որ ցեղասպանների ծրագիրը չիրականացավ: Այսօր հայերը կան, Հայաստանը կա և պայքարում է մարդկության լավագույն ապագայի համար: Այնպես որ, մենք առաջ ենք նայում, չենք կարող առաջ չնայել: Եվ, ինչպես ասացի քիչ առաջ, մենք որևէ պայման չենք դնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու: Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն, ուզում ենք, որպեսզի մեր քաղաքացիական հասարակությունները դերակատարություն ունենան անցյալի դասերը սերտելու, առերեսվելու պատմության հետ: Ուզում ենք, որպեսզի Թուրքիայի իշխանությունները այդ բեռը իրենցից գցեն: Մեզ համար մեր պատմությունը բեռ չի, այլ ընդհակառակը՝ առաջ նայելու մեծ շտեմարան է: Մենք ուզում ենք այդ կերպ այս տարածաշրջանում ապրել, բայց շատ դժվար է, երբ դու մի բան ես ցանկանում, և ուրիշը չի ցանկանում դա: Բայց մենք մեր նպատակի համար պայքարելու ենք: Մենք մեր ցանկացածին հասնելու համար ջանքեր ենք գործադրելու: Այլ ճանապարհ չկա: Երբեք որևէ հայ չի սահմանափակվում Ցեղասպանության մտայնության մեջ: Որևէ հայ բադույթավորված չէ: Ուղղակի շատ-շատ մարդիկ իրենց սեփական մաշկի վրա են դա զգացել: Գրեթե չկա որևէ հայ ընտանիք, որին Ցեղասպանությունը ինչ-որ կերպ շրջանցած լինի: Եվ ուղղակի այդ մարդկանց ասել՝ դուք Ցեղասպանության մասին մի խոսեք, կամ մի պահանջեք պահանջում և դատապարտում, ուղղակի անիմաստ մի բան է: Դա դարձել է այդ մարդկանց կյանքի մի անբաժան մասը: Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ հայերը դրանով սահմանափակվում են: Ոչ: Մենք մեր ինքնությունը դրա մեջ չենք տեսնում: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք մեր մշակույթի մեջ: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք ապագային նայելու մեջ: Գիտեք, ապրիլի 12-ը շատ հիշարժան օր էր մեզ համար: Մնացած կողմերի մասին չխոսեմ, բայց Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ ճանաչելը նշանակում էր ճանաչել հայ ժողովրդի, հայ հոգևորականության, հայկական եկեղեցու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Սա էր նշանակում: Սա է մեր ինքնությունը:

Reuters-ի կովկասյան գրասենյակ. -Մի քանի օրից Հայաստանը նշելու է ողբերգական իրադարձությունների 100-ամյակը: Երբ մենք խոսում ենք դրա մասին, մենք չենք կարող չխոսել Հայաստանի և հարևան Թուրքիայի հարաբերություններից: 2009թ. մենք տեսանք հարաբերությունները բարելավելու հնարավորություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ, բայց բոլորս գիտեն՝ ինչ տեղի ունեցավ. Արձանագրությունները չվավերացվեցին խորհրդարանի կողմից: Ինչպե՞ս եք տեսնում ապագա հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք երկու հարևանների համար՝ կապերը բարելավելու:

-Գիտեք, շատ պարզ է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել, գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ: 2009թ.-ին մենք ենք նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես Դուք ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեինք այդ փաստաթղթերը: Բայց միևնույնն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք և այդ հարա­բերությունների հաստատումը պետք է առանց նախապայմանների լինի: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Մենք որևէ այլ պայման չենք առաջադրում, և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա:

CNN Turk. -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ելույթ ունեցավ և ասաց, որ ապրիլի 24-ին Թուրքիան խաղաղության գագաթաժողով է ուզում անցկացնել, ոչ թե Հայաստանն է իր օրակարգը: Հայտարարություն է արել նաև Դավութօղլուն, ով չի օգտագործել Ցեղասպանություն բառը, բայց ասել է «մարդասիրական հանցագործություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ,իսկ Էրդողանը շատ ավելի խիստ էր արտահայտվում: Ի՞նչ եք կարծում նրան մոտեցումների, այդ որակումների մասին:

-Ես համարում եմ, որ այդ որակումները և անցյալ տարի պարոն Էրդողանի, այս տարի պարոն Դավութօղլուի այն հայտարարությունները, որտեղ տեղ են գտել այդ որակումները, ուղղակի հնարք են խափանելու այն ընթացքը, որն այսօր ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ աշխարհում: Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին, կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն, սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովրդների միջև: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեր երկու ժողովրդների, այլ Թուրքիայի իշխանությունների և մեր միջև, որովհետև ես որևէ կշտամբանք կամ «թթու խոսք» չունեմ ասելու թուրք ժողովրդի հասցեին: Իմ աշխատանքի բերում ես բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ինչպես թուրքական իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ թուրք մարդկանց հետ: Մտածելակերպը, մոտեցումները տարբեր են: Այնպես որ, մենք ակնակալում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություն, որը երկար և հարթ ճանապարհի սկիզբ կարող է լինել:

BBC. -Ի՞նչ եք ակնկալում՝ որպես ավելի ուժեղ հայտարարություն Թուրքիայի նախագահից, և ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նրան, որ Թուրքիան ապրիլի 24-ին նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը:

-Ակնկալիքս պարզ է. իմ ակնկալիքը նույն է, ինչ ողջ հայ ժողովրդինը. մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշխանավորների հետ, որովհետև, եթե ժխտում ես, եթե արդարացնում ես, նշանակում է կիսում ես պատասխանատվությունը: Թուրքիայի այսօրվա իշխանություններ չեն իրականացրել Ցեղասպանություն, բայց երբ մեկն արդարացնում է մյուսի հանցագործությունը, մեղսակից է դառնում: Մեր ցանկությունն ընդամենը նա է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն, հազարամյակներով այդ տարածքներում ապրած մարդկանց ծրագրված բնաջնջում: Սա է մեր ակնկալիքը:

-Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու վերաբերյալ:

-Մենք որևէ խնդիր կամ հանգամանք չենք տեսնում, երբ որևէ պետություն, որևէ ժողովուրդ նշում է իր պատմության ընթացքում հայտնի իրադարձությունների տարեդարձները կամ տարելիցները: Շատ նորմալ երևույթ է: Եվ եթե Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքերն այդ ճակատամարտը համարում են իրենց համար շատ կարևոր, շատ նորմալ է, որ նշում են: Աննորմալ է, երբ նրանք խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը և փորձում են, հարմարեցնելով մեկ այլ տարեթվի, ուշադրություն շեղել: Սա է ամբողջ նպատակը: Մենք մրցակցություն չենք ուզում ունենալ և մենք չենք ուզում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններով մրցենք Թուրքիայի հետ՝ ո՛չ երկրների ղեկավարների, ո՛չ պատվիրակությունների քանակով, որոնք մասնակցելու են այս միջոցառումներին: Մեր նպատակը բոլորովին այլ է, իսկ եթե Թուրքիայի իշխանություններն այդպիսի նպատակ ունեն, ապա մեր եզրակացությունը շատ պարզ պետք է լինի: Մենք ասում ենք, որ ընդլայնում են ժխտողականության գործիքակազմը, սա՛ է ընդամենը:

Russia Today. -Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որ կոչվում է «Սուսերի միակցում» (Saber Junction): Ո՞րն է նման ռազմական համագործակցության նպատակը Ալյանսի հետ: Եվ արդյոք կարծում եք, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Շնորհակալություն:

-Ոչ, բացարձակապես որևէ խնդիրներ չի ստեղծում, և մենք մեր մասնակցությունն ենք բերում աշխարհում կայունության և խաղաղության հաստատմանը: Մենք համարում ենք, որ լինել միայն անվտանգության սպառող, բավարար չէ: Առավել ևս 21-րդ դարում: Միգուցե մեր մասնակցությունը էական չէ այդ միջոցառումներին, բայց մենք անում ենք այն, ինչի ի վիճակի ենք: Այո՛, փոքր կազմով, բայց մենք դա անում ենք անկեղծորեն և համոզմունքով: Եվ ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, և մեզ համար դա օգտակար համագործակցություն է: Բնավ, չի խանգարում մեր` ՀԱՊԿ անդամ լինելը:

Reuters-ի կովկասյան գրասենյակ. –Վերջերս Հռոմի Պապը օգտագործեց ցեղասպանություն բառը իր ելույթներից մեկի ժամանակ: Եվ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական այլ երկրների խորհրդարաններ ճանաչեցին և կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու այդ “G”-բառը Ապրիլի 24-ին: Արդյո՞ք Դուք հիասթափված եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Գիտեք, Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի: Գիտեք, ես ականատեսն եմ եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ նրանք չեն ասել, որ ցեղասպանություն չի եղել: Բազմաթիվ անգամ նրանք ասել են՝ այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին Միացյալ Նահանգների շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ, այս դեպքում էլ նման է այն իրավիճակին, ինչ ես ասացի:

CNN Turk. -Թուրքիան չի վավերացրել 2009թ. ստորագրված արձանագրությունները, բայց այս պահին դրանք դեռ գտնվում են խորհրդարանում: Ինչո՞ւ Դուք հետ կանչեցիք այդ արձանագրությունները խորհրդարանից ապրիլի 24-ից միայն մի քանի օր առաջ: Արդյո՞ք դա քաղաքական ուղերձ էր Թուրքիային:

-Այո, դա քաղաքական ուղերձ էր, և իրավական որևէ հետևանքներ չի ենթադրում, որովհետև ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրությունները արձանագրություն­ներից: Ես այդպիսի դեպքերում հաշվի եմ առնում ոչ միայն Թուրքիայի ղեկավարության վարքագիծը, այլև մեր շահերը, մեր ժողովուրդների ապագան ու նաև այն միջնորդների ջանքերը, ովքեր մասնակցել են գործընթացին: Ես կարծում եմ, որ դեռևս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելը: Բայց եթե շատ երկար մտածեն Թուրքիայի իշխանությունները, կարծում եմ, մի օր այդ արձանագրությունները չեղյալ կհայտարարվեն, որովհետև իմաստ չունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որն ապացույց է այն բանի, որ պետու­թյուն­ներից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթները իրակա­նացնելուց: Դա մեզ համար ցանկալի երևույթ է, ես նկատի ունեմ այդ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքով չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված:

BBC. -Պարոն Նախագահ, Ձեր նախորդ պատասխանում Դուք նշեցիք, որ ցանկանում եք բացելու Թուրքիայի հետ սահմանը, առևտուր անել, շփումներ ստեղծել: Ի՞նչն է Ձեզ հետ պահում: Եվ հարցիս երկրորդ մասը. Ձեր քաղաքական ընդդիմախոսները այստեղ Հայաստանում առաջ են քաշում մեկ այլ տեսլական, և չնայած Դուք ասում եք չկան նախապայմաններ, նրանք ասում են կա մեկ պայման առ այն, որ դուք ճանաչում եք ցանկանում: Եվ դա հետ է պահում Թուրքիայի հետ կապերի զարգացումը: Ձեր այդ քաղաքականությունը, նրանք պնդում են, չի ստեղծում ավելի լավ տնտեսություն կամ նոր աշխատատեղեր, ինչի կարիքը Ձեր երկիրը ունի: Այսպիսով, ինչպե՞ս եք Դուք տեսնում Ձեր քաղաքականության շարունակությունը և Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը օժանդակելը:

-Նախ պետք է ասեմ, որ առանց Թուրքիայի սահմանները բացելու մենք աշխատում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, և ունենք որոշակի ձեռքբերումներ: Ասածս այն է, որ Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ, բայց, անշուշտ, այս սահմանների բացումը կաշխուժացներ մեր տնտեսությունը և դա մեզ համար օգտակար կլիներ: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների ասածներին,ես կարծում եմ, որ հենց դրանով էլ մարդիկ դառնում են ընդդիմություն, նրանք ունենում են ընդդիմադիր հայացքներ, երբ որ կարծիքները տարբերվում են: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կիսում է իմ կարծիքը, այլ ոչ թե նրանց կարծիքը: Հայաստանի բնակչության մեծ մասը իրոք ցանկանում է, որ սահմանները բացվեն և հարաբերություններ հաստատվեն: Անշուշտ, Հայաստանի բնակչության և ողջ հայության 99.9% ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Բայց պետք չէ այս երկու ցանկությունները հակադրել, և ցանկություններից մեկը դարձնել նախապայման: Իսկ ո՞վ է ասել, որ երբ սահմանները բացվեն Ցեղասպանության ճանաչման արշավը դադարելու է, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք հրաժարվելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք դադարելու ենք մեր իրավունքների համար պայքարելուց: Ոչ: Դրա համար էլ ասում ենք, որ հարաբերություններ պետք է հաստատել առանց նախապայմանների: Իհարկե, կան մարդիկ, և հենց դրանով էլ հասարակությունը հասարակություն է, որ տարբեր կարծիքներ լինեն, ովքեր մտածում են և ասում են, որ պետք է նախապայմաններ դնել, մինչև Թուրքիան ցեղասպանությունը չճանաչի, պետք չէ թուրքերի հետ շփվել: Բայց, ինչպես ասացի, հայ ժողովրդի մեծ մասը միշտ առաջ է նայում: Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, համոզված եմ, որ, այո՛, սահմանները պետք է բացվեն, և Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատվեն: Նորից եմ կրկնում՝ սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք Ցեղասպանություն ասելուց, կամ էլ դադարելու ենք Ցեղասպանության ճանաչման համար մեր առավելագույն ջանքերը ներդնելուց: Կան բազմաթիվ երկրներ, ովքեր տարբեր հարցերում շատ սուր, հակադիր դիրքորոշումներ ունեն, բայց դա չի խանգարում նրանց ունենալ դիվանագիտական հարաբերություններ կամ էլ առևտուր անել, ներդրումներ անել: Առավել ևս, որ այդ ներդրումները միայն մեզ չեն պետք: Կարծում եմ, Թուրքիային էլ են պետք:

BBC. -Եթե անկեղծ, ես փոքր-ինչ շփոթված եմ: Երբ Դուք ասում եք նախապայմանների մասին, ո՞վ ունի նախապայմաններ: Հայաստա՞նը, թե Թու՞րքիան: Դուք ասում եք չունեք նախապայմաններ: Եթե կարելի է, հստակեցրեք սա, խնդրում եմ: Շնորհակալություն:

-Այո, հենց այդպես էլ ասում եմ. նախապայմաններ չունենք: Մենք ասում ենք՝ բանակցել ենք, ստորագրել ենք երկու փաստաթղթերը, եկեք իրականացնենք այս փաստաթղթերը: Դա նշանակում է, որ մենք նախապայմաններ չունենք, ճի՞շտ է:Համաձա՞յն եք ինձ հետ: Թե՞ համաձայն չեք:

BBC. -Դուք պահանջում եք ցեղասպանության ճանաչում: Արդյո՞ք դա նախապայման չէ Թուրքիայի հետ կապեր հաստատելու համար:

-Ես նորից ստիպված եմ բացատրելու, որ մենք 2009թ. բանակցել և Թուրքիայի հետ ստորագրել ենք երկու փաստաթուղթ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Այդ փաստաթղթերը պետք է վավերացվեին մեր Ազգային ժողովներում: Անցել է արդեն 6 տարի, թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը, այսինքն` հարաբերություններ չեն ուզում հաստատել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անմիջապես, հենց թուրքերը վավերացրեցին այդ փաստաթղթերը, մենք կվավերացնենք այս փաստաթղթերը: Բայց թուրքերը ասում են՝ այդ փաստաթղթերը վավերացնելու համար պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այսինքն՝ մենք որևէ նախապայման չենք դնում, թուրքերը նախապայման են դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված: Իսկ եթե մենք պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, դա մեր իրավունքն է: Այսինքն՝ ի՞նչ խնդիր կա: Երկրների միջև հարաբերություններն ինչպե՞ս են կառուցվում. երկրների միջև հարաբերությունները կառուցվում են հենց այդպես: Մենք որևէ կերպ Թուրքիային հո չե՞նք պարտադրում, հո չե՞նք սպառնում Թուրքիային: Մենք ասում ենք՝ եղել է ցեղա­սպանություն, պետք է ճանաչել ցեղասպանությունը: Իսկ եթե եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը, ասում է, որ բոլոր երկրներում պետք է մարդու իրավունքները պաշտպանել, ժողովրդավարությունը զարգացնել, նշանակո՞ւմ է արդյոք, որ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կամ չհաստատելու խնդիր է դրվում: Իհա՛րկե ոչ: Մենք նախապայմաններ չենք առաջադրում: Եթե մենք Թուրքիայի հետ ունենանք մեծ մասշտաբների առևտրային հարաբերություններ, ցանկացած այլ հարաբերություններ, միևնույն է, մենք չենք դադարելու Ցեղասպանության մասին խոսել, որովհետև դա իրողություն է: Եվ դա ինքնանպատակ չի, հասկանու՞մ եք: Մենք դրանով չենք փորձում վիրավորել թուրք ժողովրդին: Մենք ուզում ենք, որ այլևս չլինի այդպիսի բան: Իսկ չլինելու ամենաազդեցիկ պայմանների մեկը նա է, որ նախկինում կատարվածները ճանաչվեն և դատապարտվեն: Կանխարգելումը հենց սա է նշանակում: Նորից եմ ասում. մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել: Եվ ես զարմանում եմ՝ ինչու են մարդիկ վիրավորվում: Լավ, հասկացանք, նախագահի պահվածքը, վարչապետի, և այլն: Բայց ինչո՞ւ պետք է հասարակ թուրք ժողովուրդը վիրավորվի: Մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել: Իմիջիայլոց, միգուցե ճիշտ չէ, բայց ես մոտ օրերս զրուցում էի մի թուրք լրագրողի հետ: Եվ այդ լրագրողը ասում էր՝ գիտեք Օսմանյան կայսրության ժամանակ ոչ միայն հայերն են տեղահանվել, այլ նաև թուրքերը: Ես ասում եմ՝ իհարկե գիտեմ, և ցավակցում եմ: Եթե այդպես են կարծում, ուրեմն թող այսօրվա Թուրքիայի իշխանությունները ընդունեն, որ Օսմանյան կայսրու­թյունում տեղի է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի ցեղասպանություն: Այսինքն ո՞վ է մեղավոր, որ այն ժամանակ նաև թուրքերն են տուժել: Մե՞նք: Զոհե՞րը:
Նորից եմ ասում, մենք նույնիսկ այսօրվա Թուրքիայի իշխանություններին չենք մեղադրում Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ինչպե՞ս կարող ենք այսօրվա պաշտոնյաներին մեղադրել Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Մենք ասում ենք, որ պետք չէ մեղսակից լինել, նախորդների արածները պարտադիր չէ, որ ամեն պարագայում արդարացվեն:

Al Jazeera. -Պարոն նախագահ, Հայոց ցեղասպանության, նորակառույց թանգարանը տեսանք, պարոն Դեմոյանն ասաց, որ կփորձի ցույց տալ աշխարհին, որ այս Ցեղասպանությունը միայն թուրքերի և հայերի պատմություն չէ, նաև Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի պատմությունն է: Կարող եք բացատրել՝ ինչո՞ւ է կարևոր, որ ուրիշ ազգերն իմանան, թե ինչ պատահեց 100 տարի առաջ:

-Իհարկե, շատ կարևոր է: Նորից եմ կրկնում, որ ցեղասպանության, և ընդհանրապես մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շատ բանով պայմանավորված է այն հանգամանքի հետ, թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք նախկինում տեղի ունեցած այդպիսի հանցագործություններին: Հայտնի է, երբ Երրորդ ռայխի ֆյուրերը հռետորական հարց տվեց և ասեց, թե ով է հիշում հայերի ցեղասպանությունը, դրանից սկսեց հրեաների Հոլոքոստը՝ Ողջակիզումը: Այսինքն՝ ակնհայտ մի բան է. եթե մենք ասում ենք, նախկինում կատարվածները ճանաչեք ու դատապարտեք, ասում ենք, որ մենք չենք ուզում, որ ապագայում էլ լինեն այդպիսի հանցագործություններ: Եվ այդ դեպքում, հեռավորությունը մեզնից, ազգությունը, կրոնական պատկանելությունը որևէ նշանակություն չունի: Աշխարհը իր բազմազանությամբ է աշխարհ: Եվ եթե Ցեղասպանություն է տեղի ունեցել մեզնից շատ հեռու մի վայրում, իհարկե, մենք պարտավոր ենք ասել, որ մենք դատապարտում ենք այդպիսի հանցագործությունը: Եթե յուրաքանչյուրը սկսեց միայն իր մասին մտածել, միայն սահմանափակվել իր խնդիրներով, աշխարհում շատ հարցեր կառաջանան:

Russia Today. –Պարո՛ն Նախագահ, տարածված է կարծիք, որ բռնությունը Արևելյան Ուկրաինայում ազդեցություն է ունենում ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող հակամարտությունների վրա, ինչպիսի՞ն է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի՞ հույսեր կան հակամարտություն կարգավորելու ուղղությամբ:

-Իրավիճակը շփման գծում բավականաչափ լարված է, և այդ լարվածությունը սկսվել է անցյալ տարվա ամռանը: Մեզ համար պատճառները հայտնի են, բայց այդ պատճառների մեջ ես չեմ կարող նշել Ուկրաինայի ազդեցությունը: Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը կարելի է դիտարկել մեկ այլ համատեքստում, որի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ես կխոսեմ: Լարվածության պատճառը շատ պարզ է. ադրբեջանական իշխանությունները սպառել են բանակցությունները ձգձգելու իրեն բոլոր հնարքները, և դա ակնհայտորեն երևաց. անցյալ տարի երեք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի, Ֆրանսիայի նախագայի և Միացյալ Նահանգների Պետքարտուղարի միջնոր­դությամբ, որտեղ Ադրբեջանի նախագահը գրեթե բացահայտ հայտարարեց, որ ինքը չի ընդունում այն սկզբունքները, որոնք մեզ առաջարկում են Մինսկի խմբի համանա­խագահները խնդիրը կարգավորելու համար: Այն սկզբունքները և էլեմենտները, որոնք ամփոփված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և որոնք կազմում եմ Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի առանցքը, հետևյալն են. խնդիրը պետք է կարգավորվի առանց ուժի գործադրման, խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Մենք գտնում ենք, որ դրանք այն սկզբունքներ են, որոնց հիման վրա, իհարկե, կարելի է խնդրին լուծում տալ: Եվ շատ կարևոր մի հանգամանք՝ և՛ նախագահները, և՛ համանախագահները հայտարարում են, որ այս սկզբունքները և էլեմենտները կազմում են մի ամբողջականություն, և այս սկզբունքներից ու էլեմենտներից որևէ մեկը չի կարող ունենալ գերակայություն: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախ՝ առաջին կետը չի ընդունում՝ խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, որովհետև միշտ «եթե»-ներով է խոսում: Եվ երկրորդ՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի ընդունում կամ եթե ընդունում է, ապա մեկնաբանում է յուրովի: Եվ հիմա նրանք փորձում են բանակցությունների ձևաչափը փոխել կամ բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ, և հենց այդ պատճառով էլ լարվածություն է ստեղծվում: Բայց մի բան կարելի է դրական գնահատել, որ բանակցությունների ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ այս տարվա հունվարի վերջին համանախագահները հասցեական հայտարարություն արեցին և ասացին՝ ով է խախտում հրադադարի պայմանները և կոչ արեցին Ադրբեջանին զերծ մնալ այդ սադրանքներից: Իհարկե, այլ պատճառներ էլ կան, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է հասկանալու, թե ինչու է իրավիճակը լարվում: Իսկ ուկրաինական ճգնաժամը մեզ վրա ազդում է տնտեսապես՝ առավել ևս, թեև ակնհայտ է, որ մեր մեծ տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտ իր բացասական ազդեցությունն է թողնում այլ խնդիրների վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}