BBC. Թուրքիայի հայկական պատմության հետքերով
BBC-ն հրապարակել է հոդված, որը հիմնված է Իրանում և Թուրքիայում իր թղթակիցների կողմից Հայոց Ցեղասպանության հետքերով իրականացված հետաքննության վրա: Թղթակիցները ուսումնասիրություն են անցկացրել Ժամանակակից Թուրքիայի Վան և Էսքիշեիր քաղաքներում: Իրանի թղթակից Լարա Պետրոսյանցը շրջագայել է Վանում, որտեղ ժամանակին ապրել են իր տատն ու պապը, իսկ BBC-ի թուրքական ծառայության լրագրող Ռենգին Արսլանը ուսումնասիրել է իր հայրենի քաղաք Էսքիշեիրի պատմությունը, որտեղ ժամանակին բազմաթիվ հայեր են ապրել:
Հոդվածում Լարան պատմում է, որ ինչպես բոլոր հայերը, ինքը ևս մանկության տարիներին բազմիցս լսել է զանազան պատմություններ 1915թ-ի սպանությունների մասին` հույս ունենալով, որ երբևէ Թուրքիայում կկարողանա գտնել այն երկրի հետքերը, որն իր տատն ու պապը լքել են 100 տարի առաջ:
Լարան նկարագրում է ժամանակակից Վան քաղաքը, որի հայկական վաղեմի թաղամասից գրեթե ոչինչ չի մնացել: Տներն ավերված են, փողոցները ծածկվել են խոտով, ու դժվար է պատկերացնել, որ ժամանակին այստեղ ծաղկում էր հայկական ոսկերչությունը, ու իր պապը` Միրանը, Վանի հայտնի ոսկերիչներից մեկն էր, ով ստիպված եղավ լքել իր հայրենի քաղաքն ու գաղթել Իրան:
BBC-ի ազգությամբ հայ թղթակիցը իր պապի լուսանկարը ցույց է տվել Վանի ոսկերիչներին` հույս ունենալով, որ նրանցից որևէ մեկն ինչ-որ բան կհիշի նրա մասին, սակայն ոչ մեկ չի ցանկանում որևէ բան ասել նախկինում կատարված սարսափելի ոճրագործության մասին, ինչը, ըստ հոդվածի, կոլեկտիվ մոռացության արդյունք է:
Խանութում Լարան տեսնում է տիպիկ հայկական գորգեր, որոնք, ըստ վաճառողի, ստեղծել են հայերը ավելի քան 100 տար առաջ` մինչև Վանից հեռանալը:
Ռենգին Արսլանը պատմում է, որ ինքը իր հարազատ քաղաք Էսքիշեիրի համալսարան ընդունվելուց հետո է հասկացել, թե որքան մեծ է հայերի հետքը իր քաղաքի պատմության մեջ: Նա զարմանքով բացահայտել է, որ մոտ 100 տարի առաջ Էսքիշերիում 5 հազար հայեր են ապրել:
Արսլանը նկարագրում է քաղաքի հայկական եկեղեցին, որը հայերին արտաքսելուց հետո վերածվել էր մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի ցուցադրության կենտրոնի, իսկ ներկայումս վերածվել է մշակույթի տան: «Ես նայում եմ շինության դատարկ նստարանների շարքերին ու մտածում այն մարդկանց մասին, որոնք ժամանակին աղոթել են այստեղ»,-Արսլանի հետ զրույցում նշել է տեղացի պատմաբան Քեմալ Յակուտան: «Հայերը հիմնել են այս քաղաքի առաջին թատրոնը, նրանց են պատկանել ոսկերչական խանութները: Այս ամենը չնչին գրոշների գնով ձեռք բերեցին քաղաքի մուսուլման մեծահարուստները այն բանից հետո, երբ հայերին վտարեցին Էսքիշեիրից»,-շարունակել է իր պատմությունը թուրք պատմաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին