Նախագահը՝ թուրք լրագրողին. Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել
Թուրքական «Հյուրիեթ» թերթն այսօր՝ ապրիլի 24-ի առավոտյան, ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Հյուրիեթ»-ի լրագրողի դիտարկմանը՝ փետրվարի 16-ին Դուք հետ կանչեցիք Արձանագրությունները ձեր խորհրդարանից: Մյուս կողմից, Արձանագրությունները դեռ գտնվում են Թուրքիայի խորհրդարանում՝ սպասելով քաղաքական հարմար պահին, երբ այն կվավերացվի: Արդյո՞ք Հայաստանի այս քայլը չի ընկալվում որպես հաշտեցման ջանքերից ձեր կողմի հետընթաց: Նշանակու՞մ է արդյոք այն, որ 2009թ. գործընթացն ամբողջությամբ տապալված է, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հռետորական հարց հնչեցնեմ՝ իսկ ե՞րբ է թուրքական չափանիշներով հարմար պահը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. հարմար պահը ե՞րբ է: Սա Թուրքիայի կողմից տարրական հարգանքի բացակայություն է ոչ միայն այն կողմի հանդեպ, ում հետ որ ստորագրվել են արձանագրությունները, այլև իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին:Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում: 6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք: Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով ցավոք կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում: Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»:
Թուրք լրագրողի դիտարկմանը, թե չնայած Եվրոպական խորհրդարանը 1987թ. ճանաչել էր հայկական պահանջները և նման բանաձև ընդունեց ս.թ. ապրիլի 15-ին, ես նախորդ տարիներին հանդիպել եմ բազմաթիվ եվրոպական լիբերալների, ովքեր սատարում էին Թուրքիայի այն պնդումներին, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Այս մասին հղում կա նաև հայ-թուրքական արձանագրություններում՝ նպատակ հետապնդելով ստեղծել հատուկ հանձնաժողով: Չնայած այս փաստին՝ մենք ականատես ենք եղել հայկական իշխանությունների այն մոտեցմանը, որ պատմությունը քննարկման ենթակա չէ: Արդյո՞ք սա ինքն իրեն հակասող մոտեցում չէ, Նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ, թե Եվրոպական խորհրդարանի որ ներկայացուցիչների հետ եք Դուք հանդիպել, բայց 28 եվրոպական երկիր և շուրջ կես միլիարդ բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ի բացահայտ մեծամասնությամբ ընդունված բանաձևն արդեն իսկ խոսում է Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման մասին: Այդ փաստաթղթով օրենսդիր մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքներին: Ինչ վերաբերում է պատմությունը պատմաբաններին թողնելուն, ապա Հայոց ցեղասպանության փաստն արդեն իսկ մեկ դար ուսումնասիրվել է տարբեր գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների ասոցիացիայի, օրենսդիրների և նույնիսկ մի շարք թուրք պատմաբանների կողմից: Բոլորն էլ միակարծիք են, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում, միանշանակ ցեղասպանություն է: Այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Եվ սա հասկանում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել»: