Ինչպես հայերը հաստատվեցին արաբների կողքին. Լանա Ասֆուր
Al Jazeera հեռուստաընկերության կայքում լրագրող Լանա Ասֆուրը գրում է այն մասին, թե ինչպես հայերը հաստավեցին արաբների կողքին: Ասֆուրը նախ հիշեցնում է Հռոմի պապի և Եվրախորհրդարանի կոչը, որն ուղղված էր Թուրքիային և որով պահանջում էր հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն ճանաչել, այնուհետ նշում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն խուսափում է այդ եզրույթը կիրառելուց:
«Սակայն արժե հիշեցնել, որ Մերձավոր Արևելքի արաբները տեղյակ են հայերի տառապանքներից, որովհետև Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականների սարսափելի սպանություններից, տարհանումներից և մահվան երթերից փախուստի դիմած հայերը եկան ապրելու արաբների հետ՝ հատկապես Մեծ Սիրիայի տարածքում ու Եգիպտոսում:
1915 թվականին Օսմանյան կայսրության ՆԳ նախարարը հրահանգեց հայերին արտաքսել Արևելյան Անատոլիայից՝ քավության նոխազ դարձնելով ողջ հայ բնակչությանը, որի մի մասն աջակցում էր ռուսական զորքերին՝ հուսալով, որ դրանով Հայաստանը անկախություն ձեռք կբերի:
Սակայն իշխանությունները ոչնչացման գաղտնի հրաման արձակեցին՝ դեպի Դեր Զոր ճանապարհին հայերին սիստեմատիկ կոտորելու, սպանելու, կողոպտելու, բռնաբարելու մասին: Բոլոր նրանք, ովքեր հրաժարվեցին կատարել կամ հարցականի տակ դրեցին գաղտնի հրամանը, նույնպես սպանվեցին: Սիրիական անապատի ճանապարհին մինչև 1.5 մլն հայ սպանվեց:
Նրանք, ովքեր փրկվեցին, հաստատվեցին Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև Երուսաղեմում, հիմնելով փոքր հայկական համայքներ: Այստեղ հայերը, ովքեր հիմնականում ոսկերիչներ էին, վաճառականներ, դերձակներ, սկսեցին աշխատել մուսուլմանների, քրիստոնյաների ու Երուսաղեմի արաբների հետ միասին:
Փախստականների ճամբարները, որտեղ ապաստանել էին 1915 թվականին եկած հայերը, հետագայում հայկական թաղամասերի վերածվեցին: Բեյրութում, օրինակ, հիմնվեց Բուրջ Համուդ թաղամասը: Լիբանանում ծաղկեց հայկական ևս մեկ քաղաք՝ Անճարը: Հայերին օգնում էին հայկական եկեղեցիները և կազմակերպությունները:
Հայերը, չնայած կենդանի պահեցին իրենց ավանդույթները և լեզուն, սակայն չմարգինալացվեցին: Նրանք շատ արագ արաբերեն սովորեցին, սկսեցին մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Նրանք ամբողջությամբ ինտեգրվեցին՝ առանց ձուլվելու հարկադրանքի:
Ունենալով երկու ինքնություն՝ մի կողմից հայ, մյուս կողմից որպես լիբանանցի, սիրիացի, պաղեստինցի կամ եգիպտացի, նրանք իրենց նոր հայրենիքում զգացին 20-րդ դարի կեսերի ցնցումները՝ 1948 թվականին պաղեստինա-իսրայելական հակամարտություն, 1975-1990 թթ. Լիբանանում քաղաքացիական պատերազմներ, որոնք ստիպեցին որոշ հայերի արտագաղթել Լիբանանից:
Այսօր 24 երկիր է հայերի դեմ վայրագությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն երկու պետություն կա, որ կտրականապես ժխտում են՝ Թուրքիան և Ադրբեջանը»,-եզրափակում է Ասֆուրը՝ կոչ անելով այնուամենայնիվ այս կարևոր տարելիցին հարգել հայ այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր տառապել են այդ աներևակայելի սարսափներից, և հիշել այն համայնքներ, որտեղ նրանք նոր կյանք են կերտել: