Al Jazeera. Թուրքերը հայերի հետ նշել են Ցեղասպանության տարելիցը
Ստամբուլի սրտում գտնվող Թաքսիմ հրապարակում երեկ հազարավոր թուրքեր և հայեր բազմաթիվ անվտանգության ծառայողների ուղեկցությամբ և հայկական երաժշտության ներքո մասնակցեցին 1915թ-ին հայերի զանգվածային կոտորածների տարելիցին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ելույթ ունեցան տեղական և միջազգային համայնքների բազմաթիվ առաջնորդներ: Այս մասին գրում է «Al Jazeera»-ն:
Հիշատակման միջոցառմանը ներկա 52-ամյա թուրք թոշակառու Դիքլան Տարակքին «Al Jazeera» -ի հետ զրույցում հայտնել է, թե ինքը ցանկանում է, որպեսզի Թուրքիան խաղաղությամբ գոյակցի սեփական անցյալի հետ:
«Թուրքիան Հայկական հարցն այսօր ավելի շատ է քննարկում, քան երեկ, թեև դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու այս հարցում»,-նշել է Դիքլան Տարակքին` հավելելով, որ իր նախնիները 1915թ-ին մի հայ երեխայի են փրկել Ցեղասպանության ճիրաններից:
«Իմ տատն ու պապը, ինչպես նաև ընտանիքիս այլ անդամներ Ցեղասպանությունից փրկվածներ են, ովքեր ողջ են մնացել բարի հարևանների և ուղղակի բախտի շնորհիվ: Ես շատ հուզված եմ հիշատակման այս արարաողություններով: Ես զգում եմ, որ պատկանում եմ այս հողին, որտեղ ապրել են իմ նախնիները: Ուրախ եմ այստեղ լինելու համար»,- նշել է սան Ֆրանցիսկոյից միջոցառմանը մասնակցելու համար Ստամբուլ ժամանած 54-ամյա Ռոքսան Նակաշյանը:
Հոդվածում «Al Jazeera»-ն ներկայացրել է նաև իր պատրաստած տեսանյութը Հայաստանից, որում ներկայացված է զրույց Ցեղասպանության ականատես 104 ամյա Անդրանիկ Մաթևոսյանի հետ:
«Ես 6 տարեկան էի, երբ ծնողներս լքեցին Արևմտյան Հայաստանի մեր տունը: Հորս զգուշացրել էին, որ մեր գյուղը հարձակման է ենթարկվելու օսմանյան զինվորների կողմից: Մայրս ծածկեց դեմքը գլխաշորով և նմանվեց քրդուհու, իսկ հայրս բեղեր ուներ, որը նրան ևս քրդի արտաքին էր տալիս: Զինվորները եկան ու հարցրին, թե մենք ինչ ազգ ենք: Եթե ծնողներս հայերեն խոսեին, ապա մեզ կսպանեին»,-զրույցում պատմում է հայ ծերունին` հավելելով, որ իրենք ստիպված են եղել 300 կմ ճանապարհ կտրել ոտքով, մինչև փրկվելը:
«Ես երբեք չեմ մոռանա այն տեսարանները, երբ մայրերը ստիպված էին լինում լքել իրենց երեխաներին: Երբ հոգնածությունից էլ ի վիճակի չէին լինում գրկել նրանց, նետում էին գետը: դա ավելի լավ էր, քան թողնելը ցամաքի վրա, որտեղ նրանք կդառնային վայրի կենդանիների կեր»,-պատմում է Մաթևոսյանը:
Տեսանյութում ներկայացվում են հատվածներ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից, որոնք անցկացվեցին ապրիլի 24-ին Երևանում և Էջմիածնում, ինչպես նաև հատված միջազգային լրատվամիջոցներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցից: