ՀՀ և Արգենտինայի արտգործնախարարները՝ ցեղասպանության դեմ պայքարի մասին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել իր արգենտինացի գործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության շուրջ:
Երկուստեք ընդգծվել է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարևորությունը: Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնել Արգենտինային՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։
Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի տնկել են Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի:
Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորել է Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծել հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: