Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել է
Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը 2014թ. կազմել է մոտ 150 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը նվազել է 2013թ. համեմատ, երբ այն կազմում էր՝ 200 մլն ԱՄՆ դոլարից ավել: Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երկկողմ ձևաչափով քննարկումների խոսեցինք առևտրատնտեսական փոխանակումների մասին, որոնց ծավալը 2014թվականին կազմել է մոտ 150 միլիոն դոլար: Այս ցուցանիշը նվազել է 2013 թվականի համեմատ, երբ այն կազմում էր՝ 200 միլիոն դոլարից ավել: Իհարկե, մենք ունենք շատ ավելի մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքերով նոր ծրագրեր մշակենք՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար: Դրա հնարավորությունները կան, բազմաթիվ բիզնես ֆորումներ են անցկացվել, առևտրական պալատն է գործում, որը բավական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,- նշեց նախարարը:
Է. Նալբանդյանի ներկայացմամբ, այսօր կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերի, խոսել են երկկողմ հարաբերությունների, Եվրախորհրդի շրջանակներում իրականացվող համագործակցության, միջխորհրդարանական շփումների զարգացման մասին:
Քննարկման թեմաներից է նաև եղել բելգիական նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը. «Հայաստանը 2013 թվականին նախագահում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, և երբ համեմատում ենք մեր առաջնայնությունները, ապա դրանք շատ մոտ են, եթե չասենք, որ շատ հարցերում համընկնում են: Մենք ողջունում ենք Եվրախորհրդում Բելգիայի բավական հաջող նախագահությունը, որը արդեն եզրափակիչ փուլ է մտնում: Մայիսի 19-ին կկայանա նախարարական հանդիպումը, և ես հաստատեցի դրան իմ մասնակցությունը»։
Է. Նալբանդյանի խոսքով, բանակցություններին նաև կարևոր տեղ էր հատկացվել Հայաստան - ԵՄ համագործակցությանը, հատկապես՝ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ նախապատրաստական շրջանում:
Նա հույս հայտնեց, որ այն ակտիվ շփումները, որ մշտապես ունեցել են նախկինում և ունեն տարբեր ձևաչափերում, միջազգային համաժողովների ընթացքում, որոնք միշտ օգտագործել են՝ հանդիպելու, կարծիքներ փոխանակելու համար, կշարունակեն նույն, միգուցե առավել ինտենսիվությամբ:
«Հատուկ կցանկանայի նշել, որ պատվիրակությունը այցելում է Հայաստան, երբ հայ ժողովուրդը, միջազգային հանրությունը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում զոհերի հիշատակը։ Բելգիան այն երկրներից է, որը դեռ 1998թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դիդիե Ռեյնդերսը այսօր նաև կայցելի Ծիծեռնակաբերդ,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Նախորդող հրապարակում՝
Քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը
Բելգիայի ԱԳ նախարար. Մեր երկրների միջև նոր համաձայնագրեր են անհրաժեշտ կնքել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին