ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն մայիսի 1-ին հանրահավաք կանցկացնեն
Մայիսի 1-ին՝ ժամը 18-ին, Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրում են հանրահավաքի, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջելու են հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Օլիգարխիան մեր երկրում դարձել է քաղաքական ու հասարակական հարաբերությունների գլխավոր դոմինանտը, ինչը ողբերգություն է։ Եթե մենք տեսնում ենք, թե մեր երկրի հարստությունը քանի ընտանիքի ձեռքում է, իսկ աղքատությունը ինչ խայտառակ ցուցանիշների է հասնում, ապա այստեղ ձախ քաղաքական ուղղվածության կուսակցությունները հսկայական անելիք ունեն»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը։
Նրա խոսքերով, իրենց խնդիրն է գնալ և քաղաքացիներին իրենց գաղափարները ներկայացնել, եթե հավատան կգան հանրահավաքի, եթե չգան, ուրեմն խնդիրն իրենց մեջ է և չեն կարողացել ճիշտ ներկայացնել ժողովրդին իրենց գաղափարները:
Հանդիպմանը ներկա Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ ասաց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը վերջապես մաքրման է գնում. «Մայիսի 1-ը խորհրդանշական է: Մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որովհետև արյունաքամ ենք լինում այս պահին ևս։ Մենք հանրահավաքին անուններ կտանք ու կասենք, թե ինչի համար են նրանք պատասխանու ու ինչ չեն անում նրանք»։
Ա. Սարգսյանը նշեց, որ ապրիլի 24-ին իրենք համոզվեցին, որ իշխանությունը բարձր մակարդակով կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, բայց ինչո՞ւ չի կարող նման կերպ լուծվել երկրի ներքին խնդիրները:
Ն. Գալստյանն էլ ավելացրեց, որ իրենք բաց են համագործակցության համար, հատկապես նրանց հետ, ովքեր կիսում են իրենց գաղափարները։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում