ՀՅԴ-ն չի կրակել
«Մի բան հստակ կարող ենք ասել, որ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` պատասխանելով Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի մասին և անմիջապես հավելեց. «Ես սա հումորով պատասխանեցի, որ ձեր տրամադրությունները բարձրանան»:
Նրա խոսքով, աղմկահարույց գործերի բացահայտման ձգձգումը անվստահություն է առաջացնում հասարակության շրջանում:
«Դա վերաբերում է ոչ միայն Սուրիկ Խաչատրյանին, այլև Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: Դատախազի խոսքը ակնհայտորեն վստահություն չներշնչեց, կարող է միայն որոշակի հույս ներշնչել: Կարծում եմ՝ ավելի կոնկրետ արդյունքներ պետք է ակնկալել»,-նկատեց դաշնակցականը:
Գլխավոր դատախազի ներկայացրած հաշվետվությունից պատգամավորը եզրակացրել է. «Անշուշտ կլինեն ելույթներ, բայց մտահոգիչն այս հաշվետվության մեջ այն է, որ դրանից երևում է, որ հանցավորության մակարդակը Հայատանում կտրուկ նահանջ չի ապրում: Դրանց պատճառահետևանքային կապերը խորքային ուսումնասիրության անհրաժշտություն ունեն»: