Շարմազանով. Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունն ընդլայնվում է
Ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից երեկ տրվել է ճաշ: ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:
«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում և տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ ճաշի ժամանակ ունեցած ելույթում:
Շարմազանովն ընդգծել է, Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք:
«Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական և այլ աջակցություն` ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաև այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում»:
Շարմազանովը նաև նշել է. «Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվել է «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչև տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ` հայ մենակատարների և համույթների մասնակցությամբ:
Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ և Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք` հայ և ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ