ԲՀԿ նախագահը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի նիստում խոսել է ԲՀԿ փոփոխություններից
Մեծ Բրիտանիայի Վինչեսթեր քաղաքում մայիսի 21-23-ը տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նիստը։ Նիստի օրակարգում Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահի և վարչության նոր կազմի ընտրությունն էր։ Դաշինքի նիստը քննարկել է նաև անդամ պետություններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։ Նիստում ելույթով հանդես է եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ անդրադարձել է փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստանում» տեղի ունեցած փոփոխություններին։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:
Խորհրդի նիստը քննարկել է նաև դաշինքին անդամակցության նոր հայտերը՝ եվրոպական մի շարք երկրներից։ Եվրոպայի ռեֆորմիստների և պահպանողականների դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։
ԲՀԿ նախագահն իր ելույթում ասել է, որ ուղղակի անթույլատրելի է եվրոպական ընտանիք անդամագրել մի երկրի կուսակցության, որտեղ այս պահին 80-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ երկիրը Եվրոպայի թիվ մեկ տոտալիտար երկիրն է՝ իր քաղաքական վերնախավով։ ԲՀԿ նախագահը նշել է, «Բարգավաճ Հայաստանը» չի կարող կողմ լինել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» անդամակցությանը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին։ Աշխատանքային երկրորդ օրը դաշինքի խորհրդի նիստը քննարկել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու դրա լուծման հնարավոր իրատեսական ուղիները։
«Բարգավաճ Հայաստանի» հրավերով հոկտեմբեր ամսին Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա Հայաստանում։