Իրանում դատում են «The Washington Post»-ի լրագրողին
Թեհրանում «The Washington Post»-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանը, ով ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, երեքշաբթի կանգնելու է դատարանի առջև, սակայն, ինչպես հավաստիացնում են լրատվամիջոցներն ու Ռեզայանի ընտանիքը, դատավարությունը ընթանալու է «փակ դռների հետևում»: Այս մասին հաղորդում է բրիտանական «The Guardian»-ը:
Դատավորի խոսնակի հավաստիացմամբ` դատավարության դռնփակ կամ բաց անցկացման կարգը կորոշվի մինչև վաղը, և այդ առթիվ առավել մանրամասն տեղեկատվություն չի հաղորդել մամուլին:
Նշենք, սակայն, որ «The Washington Post»-ը հրապարակավ քննադատել է իր թղթակցի նկատմամբ Իրանի իշխանությւոնների գործողությունները` նշելով, որ անարդար վերաբերմունքը Ջեյսոնի հանդեպ շարունակվում է:
Հիշեցնենք, որ ամերիկյան թերթի իրանական թղթակիցը, ով ծնունդով Կալիֆորնիայից է, ձերբակալվել է անցած տարվա հուլիսին`իր կնոջ և ընկերների ներկայությամբ`Թեհրանում գտնվող իր տանը: Վերջին 10 ամիսների ընթացքում Ջեյսոն Ռեզայանը պահվում է Թեհրանի տխրահռչակ Էվին բանտում, որտեղ, հարազատների հավաստիացմամբ, կորցրել է շուրջ 18 կգ քաշ:
Ավելացնենք, որ ամերիկացի լրագրողը պաշտոնապես մեղադրվում է լրտեսության, թշնամական կառավարությունների հետ համագործակցելու, գաղտնի տեղեկատվություն հավաքագրելու և հակաիրանական քարոզչություն իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն և «The Washington Post»-ը անհեթեթ են համարել այս մեղադրանքները և պահանջել են ազատ արձակել Ռեզայանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում