Հայաստանի և Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն ընդունել են համատեղ հռչակագիր
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը և Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև հարաբերությունների ամրապնդմանը և միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:
Ընդունելով համատեղ հռչակագիր` կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել արդեն գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական և փոխըմբռնման ոգով:
Ձգտելու են խթանել սերտ և ուղիղ համագործակցությունը Կանադա-Հայաստան և Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջև: Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները` ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը և համատեղ ծրագրերի իրագործմանը: