Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Կոտայքի մարզկենտրոն Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Սամվել Հակոբյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Լուրը Panorama.am -ի հետ զրույցում հաստատեց թիվ 28 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Պարույր Մանուկյանը. «Հիմա դիմումը փորձում ենք մուտք անել»:
Panorama.am-ի հետ զրույցում թեկնածու Սամվել Հակոբյանն ասաց, որ ինքնաբացարկի որոշում կայացրել է նախօրեին՝ թեկնածուներից մեկի՝ 28-ամյա Էդվին Թադևոսյանի հետ հանդիպումից հետո. «Ես միշտ ասել եմ, որ թեկնածությունս դրել եմ քաղաքը պաշտպանալու համար էն մարդկանցից, ովքեր կփորձեն ավիրել: Ես զրուցեցի երիտասարդի հետ, հասկացա՝ ունի նույն ծրագրերը, անելու է նույն բաները, ինչը ես որոշել էի անել, համընկավ: Ես իմացա՝ ինքը ով է, Աբովյանի հնաբնակների երեխա է, պապով, տատով բոլորին ճանաչում եմ»:
Նշենք, որ այս պահին բացի Ս. Հակոբյանից առաջադրված է 5 թեկնածու՝ Վահագն Գևորգյանը, ում սատարելու մասին հայտարարել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը, ով հայտնի է Պալաչ անունով, ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, Էդվին Թադևոսյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանում համայնքապետի արտահերթ ընտրություններ են նշանակված հունիսի 7-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 26-ին, կշարունակվի մինչև հունիսի 5-ը: Թեկնածուների ինքնբավարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետն այսօր ժամը 18:00 էր:
Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները կառավարության՝ ապրիլի 30-ի նիստում կայացրած որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են:Նա նշանակվել է Կոտայքի մարզպետ, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել Աբովյանում արտահերթ ընտրություններ անցկացնել: