Լորան Ֆաբիուս. Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի, եթե ստուգումները չներառեն նաև ռազմական օբյեկտները
Ֆրանսիան որևէ համաձայնագիր չի ստորագրի, եթե Թեհրանը համաձայնագրի շրջանակներում թույլ չտա ստուգումներ անցկացնել նաև իր ռազմական օբյեկտներում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը` ելույթ ունենալով Ազգային ժողովում: Հաղորդում է «The Guardian»-ը:
«Ֆրանսիան չի ընդունի Իրանի հետ որևէ գործարք, եթե պարզ չլինի, որ ստուգումների ենթակա են իրանական բոլոր օբյեկտները` այդ թվում նաև ռազմական նշանակության»,- նշել է Ֆաբիուսը` կոչ անելով Իրանի հետ բանակցությունների մյուս մասնակից երկրներին ևս նման դիրքորոշում որդեգրել:
Ինչպես նշվում է, Լորան Ֆաբիուսի հայտարարությունը հաջորդել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Համենեյի այն հայտարարությանը, թե Իրանը միջուկային հարցի շուրջ իր հետ բանակցող երկրների թիմին թույլ չի տա ստուգումներ իրականացնել երկրի ռազմական օբյեկտներում, ինչպես նաև հարցաքննությունների ենթարկել Իրանի միջուկային հարցերով գիտնականներին:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է Իրանի միջուկային հարցում ֆրանսիական կողմի դիրքորոշումը` ասելով, որ Ֆրանսիան կողմ է համաձայնագրին, սակայն ոչ այնպիսի համաձայնագրի, որն Իրանին թույլ կտա ունենալ միջուկային զենք:
Իրանի և վեցնյակի միջև միջուկային հարցով բանակցություններում, տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն, զգալի առաջընթաց արձանագրվեց այս տարվա ապրիլին, երբ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ավարտին հասցնել վերջնական համաձայնագրի կետերը: Սպասվում է, որ այն արդեն կհրապարակվի հունիս ամսին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում