«Al Jazeera». Էրդողանը ձգտում է նոր սուլթանություն հիմնել
Միջազգային հարաբերությունների մասնագետ Ստիվեն Կինզերը «Al Jazeera»-ի անգլալեզու տարբերակում հոդված է հրապարակել` անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին` մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանը:
Հիշեցնելով, որ մինչև Աթաթուրքը, Թուրքիան շուրջ 470 տարի շարունակ կառավարվել է սուլթանների կողմից, հեղինակը հարցադրում է հնչեցնում, թե արդյոք հունիսի 7-ին կայանալիք կարևոր ընտրությունների արդյունքում Թուրքիան կրկին կհայտնվի սուլթանական կառավարման ներքո` երկրի գերագույն առաջնորդի գլխավորությամբ, ով հեղինակի դիտարկմամբ, երկրի կյանքի բոլոր ոլորտները վերհսկելու ցանկություն ունի:
«Սուլթանի դիրք է սպասվում Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 11 տարի շարունակ Թուրքիայի վարչապետն էր, ինչից հետո էլ՝ 2014 թվականին, զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Սովորաբար Թուրքիայի նախագահները ունեցել են սահմանափակ լիազորություններ, սակայն Էրդողանը ցանկանում է փոխել սահմանադրությունը և իրեն օժտել անսահմանափակ իշխանությամբ, ինչպես որ անում են մյուս ընտրված բռնապետերը»,- գրում է հեղինակը:
Էրդողանի սուլթնական ցանկությունների իրականացման առումով որպես լուրջ փորձաքար, հեղինակը համարում է քրդական քաղաքական շարժման ակտիվացումն ու նրա խարիզմատիկ առաջնորդին` Սելահաթթին Դեմիրթաշին, ով, նոր ոճ է թելադրում թուրքական քաղաքականության մեջ: Ըստ հեղինակի դիտարկումների, եթե քրդական այդ ուժը` «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», կարողանա հաղթահարել 10 տոկոսի արգելքը և ներկայացվածություն ապահովել խորհրդարանում, ապա հնարավորություն կունենա միանալ Թուրքիայի մյուս ընդդիմադիր կուսակցություններին և արգելափակել Էրդողանի կողմից նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
«Այս ընտրությունները գլխավորապես Էրդողանի մասին են: Թեև նրա անունը չկա քվեաթերթիկների վրա, բայց բոլոր թուրքերն էլ հասկանում են, որ քվեարկելով ԱԶԿ-ի օգտին, նրանք հնարավորություն կտան այդ կուսակցությանը իրականացնել իր նեոսուլթանական նախագիծը և հետևաբար ընդդիմադիր ուժերին տրված յուրաքանչյուր ձայն կնշանակի այդ նախագծի տապալում»,- գրում է հեղինակը:
Հեղինակը նաև անդրադառնում է Էրդողանի և Դավութօղլուի հարաբերություններին` նկատելով, որ սկզբում Էրդողանը կարծում էր, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում իրեն հավատարիմ շան պես կլինի: Սակայն, ըստ հեղինակի, ընթացիկ քարոզարշավի շրջանակներում Դավութօղլուն արդեն իսկ հասկացնել է տալիս, որ հիացած չէ Էրդողանի սուպերնախագահության գաղափարով, թեկուզև այն պատճառով, որ դա բոլոր հնարավոր տարբերակներով արդեն իսկ նշանակում է վարչապետի դերի նվազում:
«Թուրքերը շատ են մտածում այն մասին, թե ինչ պատահեց Էրդողանին, ինչը նրան ստիպեց բարեփոխիչ առաջնորդից, որով հիանում էին ամբողջ աշխարհում, զայրացած քաղաքական գործիչ դառնալ, որը, թվում է, կուրացել է իր անսահմանափակ անձնական հավակնություններով: Տարբեր տեսություններ են առաջ քաշվում: Ոմանք կարծում են, որ Էրդողանը գործում է գաղտնի օրակարգի համապատասխան, որը նա մշակել է տարիներ առաջ: Մյուսներն էլ կասկածում են, որ նա հոգեկան անկայուն վիճակում է: Իսկ ամենատարածված բացատրությունը նույնքան հին է, որքան հենց քաղաքականությունը. նրան փչացրել է երկար ժամանակ իշխանության գլուխ լինելու հանգամանքը»,- գրում է հեղինակը:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտադրում է քրդական ուժի օգտին տրվող ձայների նշանակությունը` գրելով, որ եթե նրանք այդուհանդերձ հաղթահարեն 10 տոկոսի շեմը, ապա Թուրքիայի քաղաքական պատմությունը շեշտակի փոփոխություն կկրի: