Հոսեյն Դեհղան. «Իսլամական պետությունը», եթե ի զորու լիներ սպառնալ Իրանին, ապա դա կաներ
«՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական կազմավորմն ի զորու չէ սպառնալ Իրանի սահմանային անվտանգությանը»,-այդ մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Իրանի ռազմական, անվտանգության և ոստիկանական համակարգերն այն մակարդակի վրա են գտնվում, որ կարող են «Իսլամական պետությունից» սպասվող ցանկացած սպառնալիք չեզոքացնել. Եթե այդ խմբավորն ի զորու լիներ սպառնալ Իրանի անվտանգությանը, ապա արդեն արած կլիներ: «Իսլամական պետության» ցանկացած շարժ վերահսկվում է Իրանի անվտագության ուժերի կողմից»:
Շարունակելով խոսքը՝ Հոսեյն Դեհղանը հավելել է. «Այն, ինչ մեզ համար կարևոր է, դա՝ մեր սահմանների անվտանգության ապահովումն է, ուստի ցանկացած սպառնալիքի կտրուկ պատասխան կտրվի»:
Հավելենք, որ նախօրեին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքը տեղեկատվություն հրապարակեց, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքում մահապատժի է ենթարկել իր կողմից գերեվարված Իրանի քաղաքացիների, որոնք Սիրիայի կառավարական ուժերի կազմում կռվում էին «Իսլամական պետության» դեմ:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, օրերս անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել է. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են: Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:
Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին էլ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքին, մասնավորապես նշել էր. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ եթե ԻՊ-ն 40 կիլոմետր շառավիղով մոտենա Իրանի սահմանին, ապա մենք կմիջամտենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին