Բրիտանացի լրագրողը սիրիացի փախստականների համար օգնության ֆոնդ է հիմնել
Լոնդոնում հիմնվել է սիրիացի փախստականներին տրվող օգնության ֆոնդ: Ֆոնդը նախատեսված է մոտ 4 մլն սիրիացի փախստականների համար: Այն հիմնադրվել է բրիտանական «The Telegraph» պարբերականի լրագրող Վիլ Վինթերքրոսի կողմից: Փոխանցում է «The Telegraph»-ը:
Հաղորդվում է, որ լրագրողի մոտ նման գաղափար է ի հայտ եկել այն բանից հետո, երբ սիրիական դեպքերի լուսաբանման ընթացքում հանդիպել է սիրիացի մի տարեց կնոջ, ով փախչելով Հալեպից, իր 16 թոռների և ծոռների հետ ապաստան է գտել Թուրքիայում:
«Նա ինձ գրավեց իր շշմեցուցիչ հպարտությամբ, չնայած այն հուսահատեցնող իրավիճակին, որում նա գտնվում է »,- խոսելով սիրիացի կնոջ մասին` նշել է Վիլ Վինթերքրոսը:
Նոր հիմնադրված կազմակերպությունը զբաղվելու է նվիրատվություններ հավաքագրելով, որոնք էլ հետագայում ծառայեցվելու են սիրիացի այն ընտանիքների առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելու համար, որոնք Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով կորցրել են իրենց ողջ ունեցվածքը և հայտնվել փախստականի կարգավիճակում:
«Նույնիսկ եթե պատերազմը վաղը ավարտվի, միևնույն է, թե երկրի վերականգնման և թե մարդկանց ցավը բուժելու համար սերունդներ է պահանջվելու»,- նշել է կազմակերպության հիմանդիր լրագրողը:
Տարբեր հաշվարիկների համաձայն` 2011 թվականից ի վեր Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով տեղահանության է ենթարկվել ավելի քան 12 մլն մարդ, իսկ մոտ 4 մլն մարդ էլ լքել է երկիրը` հայտնվելով փախստականի կարգավիճակում: