Թևան Պողոսյան. Ռիգայի գագաթաժողովով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա սառը հարաբերությունները հաղթահարվեցին
«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից հետո դրական դաշտ է ստեղծվել, Հայաստանը քայլ առ քայլ կարող է վերադառնալ եվրոպական ուղի, Եվրամիության համար համար ընկալելի է դառնում Հայաստանի վարած քաղաքականությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանը մտել էր մի փուլ, որը կարելի է անվանել սառը հարաբերությունների շրջան. «Եվրամիության երկրների կողմից անվստահություն կար դեպի Հայաստանը»:
«Ռիգայի գագաթաժողովով այդ հարաբերությունները հաղթահարվեցին: Ռիգայի հռչակագրում կան ձևակերպումներ, որոնք ողջունվում են, Եվրամիություն պատրաստակամություն է հայտնել օժանդակել և աջակցել Հայաստանին»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Թ. Պողոսյանի խոսքով, Ռիգայի հռչակագրում առկա բոլոր ձևակերպումներից և ոչ մեկը վտանգավոր չէ Հայաստանի համար, ի տարբերություն մեր հարևան երկրի, որը փորձում էր ցուցադրաբար ձախողել հռչակագրի ընդունումը:
Թվարկելով Հայաստանի համար Ռիգայի գագաթաժողովի դրական արդունքները՝ նա նախ ընդգծեց, որ Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և Հայաստանի խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանին տրամադրվեց նոր բանակցություններ սկսելու մանդատը:
Ըստ պատգամավորի, հաջողությունների շարքում է նաև վիզաների ազատականացման ծրագիրը, ՀՀ-ԵՄ հարաբերություններում բաց երկնքի քաղաքականությունը:
Նրա խոսքով, Եվրամիությունը տվել է հնարավորություն, իսկ թե ինչքանով կօգտվի Հայաստանն այդ հնարավորությունից, հետագան ցույց կտա: Թ. Պողոսյանի խոսքով, Եվրամիություն կողմից կա պատրաստկամություն, մնում է Հայաստանը դրսևորի քաղաքական կամք ու կյանքի կոչի առաջարկվող ծրագրերը:
«Ունենք բանակցած մի ամբողջ փաստաթուղթ, եթե լինենք առավել պրագմատիկ, մեկ-երկու ամսվա ընթացքում այդ փաստաթուղթը կբերվի վերջնական տեսքի, նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին կստորագրվի»,- ասաց խորհրդարանականը՝ կրկին ընդգծելով, որ Եվրամիությունը տվել է հնարավորություն, մնում է Հայաստանը կյանքի կոչի:
Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրների դիրքորոշմանը, նրա կարծիքով, որևէ խնդիր չի լինի: Թ. Պողոսյանը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՏՄ երկրների բազմավեկտոր քաղաքանությանը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ օգտագործում է այդ արտահայտությունը՝ բազմավեկտոր քաղաքականություն, կարելի է ենթադրել, որ խնդիրների չեն լինի»,- ասաց Թ. Պողոսյանը: