Ճապոնիայի նորանշանակ դեսպանը ԱԳ նախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը
Այսօր Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր գործունեություն մաղթելով` նախարար Նալբանդյանը կարևորել է Երևանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել՝ Ճապոնիայի կողմից անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Էյձի Տագուչին վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ բարեկամական հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ճապոնական օրակարգի տարբեր հարցերի, արժևորել ամրապնդվող խորհրդարանական կապերը, քննարկել առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման շուրջ։
Նախարար Նալբանդյանն արտգործնախարարության աջակցությունն է հայտնել Ճապոնիայի նորաբաց դեսպանության գործունեությանը։