Է. Նալբանդյանը Մինսկում արձագանքել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի նկատառումներին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար, և մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակենք մեր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով»,-այսօր Մինսկում կայացած Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ սրձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի նկատառումներին՝ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իր խոսքում նա նաև նշել է. «Չնայած համանախագահ երեք երկրների գործադրած ակտիվ ջանքերին՝ վերջին յոթ տարում տեղի ունեցած մոտ 20 գագաթաժողովներին, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներին, երեք համանախագահների՝ տարածաշրջան կատարած բազմաթիվ այցելություններին, անհնար է եղել հակամարտության կարգավորման գործում առաջընթաց գրանցել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները: Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը տարբեր առիթներով իր միանշանակ աջակցությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Ռիգայի գագաթաժողովում ԵՄ բոլոր անդամ երկրները և Արևելյան գործընկերության հինգ երկրները, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նվիրված 2009թ.-ից ընդունած հինգ հայտարարություններին՝ իրենց աջակցությունը հայտնեցին եռանախագահների ջանքերին, ինչն արտացոլվեց Գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում։ Ադրբեջանը հանդիսացավ միակ երկիրը, որը հակադրվեց դրան։ Լավ կլիներ, որ Ադրբեջանը այդ հարցով կիսեր Ռիգայի գագաթաժողովի մասնակից բոլոր երկրների կարծիքը»: