Բարաք Օբամա. Եթե Իրանի միջուկային խնդրի հարցում ունենանք «վատ համաձայնություն», ապա դուրս կգանք բանակցային գործընթացից
«Պատրաստ չենք ամեն գնով միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Նկատենք, որ նախօրեին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս յոթ օրով:
Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «Դեռ մի շարք հարցերի շուրջ առկա են տարաձայնություններ, բոլոր կողմերը զբաղված են համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքներով, բոլոր պատվիրակությունների մոտ կա այն ոգին, որ պետք է առաջ ընթանալ, սակայն դա չի նշանակում, որ պատվիրակությունները, այդ թվում և մենք պատրաստ ենք ամեն գնով հասնել համաձայնության»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին էլ, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների կողմից Իրանի ռազմական հաստատություններում ստուգումներ անցկացնելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մենք ոչ ոքի թույլ չենք տա մուտք գործել մեր ռազմական հաստատություններ»:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն վաղն առավոտյան Իրանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով մեկնելու է Թեհրան:
«Rfi.fr» կայքի հաղորդմամբ էլ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Եթե Իրանի միջուկային խնդրի շուրջ «վատ համաձայնություն» ձեռք բերվի, ապա մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, եթե մենք չկարողանանք հասնել նրան, որպեսզի Իրանին զրկենք միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, ապա մենք համաձայնագիր չենք ստորագրի, իրականում գնդակը գտնվում է Իրանի դաշտում»: